Հրաչ Մուրադյանի սպանությունը դատապարտող երթի մասնակիցները նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին

18:14 • 29.10.13

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախաձեռնությամբ «Հրաչ Մուրադյան - արդարության պահանջ» հասարակական շարժումն այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր երթ՝ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով:


Երթի մասնակիցները շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ հանձնելու նամակ, որում նախագահին խնդրում են իր վերահսկողության տակ վերցնել այդ գործի բացահայտումը:

 

Նամակը մեջբերում ենք ամբողջությամբ.

 

«Մեծարգո պարոն Նախագահ,


2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել:


Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական և բազմակողմանի քննություն չի իրականացվել:


Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել. 2009 և 2010թթ. Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել, 2010թ. գյուղապետ Հրաչ Մուրադյանի և իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել, 2012թ. սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել: Այդ հանցագործությունների չբացահայտումը և անպատժելիությունը, ի վերջո, հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը: 


Սպանությունից հետո` 2013թ. գյուղապետի ընտրությունների ժամանակ, իշխանության որոշ շրջանակներ չափազանց ակտիվություն դրսևորեցին. օգտագործվեցին վարչական և ֆինանսական լծակները, հստակ ուղղորդվեցին զինծառայողները, և պատճառահետևանքային կապ ստեղծվեց սպանության միջոցով գյուղապետ Հրաչ Մուրադյանի վերացման և նրա հակառակորդների` ամեն գնով իշխանության հասնելու միջև: Սրանով ամպրապնդվեց նախկին և վերջին հանցագործությունների փոխկապակցվածությունը: Կարծիք կա, որ այսօր այդ նույն ուժերը խոչընդոտում են գործի բացահայտմանը:

 

Պարոն Նախագահ,


պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական եւ բազմակողմանի քննություն: Վստահ ենք` նախորդ հանցագործությունների, հատկապես` 2010թ. մահափորձի բացահայտումը կհանգեցնի նաեւ «Մարտական խաչի» շքանշանակիր Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը:
Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ սա մեր պետության պատվի խնդիրն է»: