Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը. Բորիս Նավասարդյան

12:06 • 29.10.13

Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ի պատասխան հարցի, թե միանալու դեպքում Հայաստանի՝ առանց այն էլ վստահություն չվայելող դատական համակարգը էլ ավելի կվատթարանա՞, թե ոչ:


«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը և ես նկատի ունեմ շատ ավելի լուրջ պատճառներ, քան ОРТ-ի Ձեր նշած հաղորդումը: Պատճառները կապված են ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպության, այնպես էլ մինչև 2015թ. Մաքսային միության հեռանկարների անորոշության և շատ այլ զարգացումների հետ, որոնք թույլ չեն տա մեզ անդամակցել Մաքսային միությանը, բայց ոչ այն հայտարարությունները, որ հնչել են Մինսկում»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

 

Նշենք, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 24.10.2013թ. որոշումը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, որտեղ, սակայն, չկան ստորագրություններ, և կան կնիքներ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կողմից:
 

Ի պատասխան այս դիտարկման՝ Բորիս Նավասարդյանը նկատեց. «Այ, սա գործընթաց է ու միայն՝ գործընթաց, որը չունի ավարտական որևէ կետ»:

 

ԵՄԱ նախագահը հայտարարեց, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է նորից սկսի բանակցությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի փոխվեն բոլոր այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը միացել է ԱՀԿ-ին:

 

Դա, ըստ Բորիս Նավասարդյանի, շատ երկար և գրեթե անհնարին պրոցես է:

 

«Եվ այս ողջ գործընթացը ոչ այլ բան է, քան PR, որը պրակտիկ նշանակություն չի կարող ունենալ և հիմնական պատճառը, թե ինչու եղան սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և հետագա զարգացումները, այն է, որ Հայաստանը չկարողանա նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում»,-ամփոփեց Բորիս Նավասարդյանը:


Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա ըստ Բորիս Նավասարդյանի՝ առանց դրա էլ արդեն այսօր Հայաստանում որոշակի գործընթացներ են գնում, որոնք մոտեցնում են մեր կառավարման մոդելը ՄՄ երկրների մոդելներին և դա, բնականաբար, ազդելու է բոլոր ինստիտուտների, այդ թվում՝ արդարադատության համակարգի վրա: