Օբաման հանդիպել է Նեթանյահուի հետ՝ Իրանի միջուկային հարցը քննարկելու համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջինիս արած հայտարարությունը քննարկելու նպատակով, տեղեկացնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ ըստ հրեա պաշտոնյայի՝ «Թեհրանն ընդամենը մի քանի շաբաթում կարող է ուրանը վերածել միջուկային ռումբի պատրաստման համար անհրաժեշտ հումքի»։
Նեթանյահուն պահանջել է, որպեսզի Իրանի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրվի՝ պնդելով, որ այս խնդիրը դիվանագիտական լուծում դժվար թե ունենա։
Մինչդեռ Օբամայի կարծիքով՝ հարկավոր է հնարավորություն տալ Իրանին և ստուգել միջուկային խնդիրը բանակցային գործընթացի միջոցով լուծելու վերաբերյալ տված խոստումների անկեղծությունը։
Հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ բացի Իրանի միջուկային խնդրից, 2 ղեկավարները քննարկել են նաև պաղեստինա-հրեական հակամարտության թեման։










