Սաակաշվիլին ծախսել է նախագահական հիմնադրամի գրեթե ողջ միջոցները. վրաց նախարար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան հայտարարել է, որ գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրեթե ամբողջությամբ ծախսել է պահուստային հիմնադրամի միջոցները, հաղորդում է apsny.ge-ն: Եղած տեղեկությունների համաձայն՝ նախագահական պահուստային հիմնադրամում մնացել է ընդամենը 5.000 լարի:
«Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ից հետո (նախագահական ընտրություններից հետո) չի կարողանալու այլևս արտոնություններից օգտվել, ինչպես առաջ, այդ պատճառով էլ նախընտրական շրջանում շատ գումար է ծախսել, այդ թվում՝ վարչական ռեսուրսներ: Իմ տեղեկություններով՝ բյուջեի հաշվին նա շատ է շրջագայել: Այդ պատճառով էլ այլ բանի սպասել պետք չէր»,- հայտարարել է Դավիդ Նարմանիան:
Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամը, որը նախատեսված է եղել 2013 թվականի համար, կազմել է 10 միլիոն լարի (մոտ 6 միլիոն դոլար), գրում է ria.ru-ն:
Սաակաշվիլիի գրասենյակը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այդ հայտարարությունը:










