Եգոր Շչերբակովի եղբայրը հերքել է եղբոր ողջ լինելու մասին լուրերը

14:24 • 29.10.13

Մոսկվայում սպանված 25-ամյա Եգոր Շչերբակովի եղբայրը հերքել է եղբոր՝ ողջ մնալու մասին շրջանառվող լուրերը, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Անտոն Շչերբակովի խոսքով՝ տեղեկությունները, թե եղբայրը ողջ է, աբսուրդային են։

«Չգիտեմ, թե ով է տարածում այդ տեղեկությունները, սակայն մի բան եմ ցանկանում ասել. պետք է հարգել հանգուցյալին և նրա ընտանիքին։ Դեռևս չի անցել 40 օր, սակայն ինձ զանգում են ու հարցնում, թե որտեղ է նա թաղված։ Այդպես չի կարելի։ Թող գոնե 40 օր սպասեն։ 40 օր անց հնարավոր կլինի նկարել գերեզմանը, սակայն դա պետք է համաձայնեցված լինի մեր ընտանիքի հետ։ Եթե իմ ընտանիքը թույլ տա, 40 օր անց հնարավոր կլինի մտածել»,-ասել է Անտոն Շչերբակովը։

 

Նշենք, որ Եգոր Շչերբակովը սպանվել էր հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի Բիրյուլևո շրջանում։ Օպերատիվ միջոցառումների շրջանակներում հայտնաբերվել է սպանության ադրբեջանցի կասկածյալը՝ Օրհան Զեյնալովը։
 

Շչերբակովի սպանության պատճառով Մոսկվայում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել՝ ընդդեմ ներգաղթյալների։