Գոհունակությամբ նշեցիք կրթության ֆինանսավորման ավելացումը՝ համեստորեն շրջանցելով գիտությունը. Ա. Արզումանյան
ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի կողմից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների՝ 2014թ. բյուջեով նախատեսված եկամուտների ու ծախսերի ներկայացումից հետո «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը վերջինիս հարցրեց, թե ինչու է գիտության ֆինանսավորումն անտեսվում՝ ի տարբերություն կրթության:
«Դուք նոր գոհունակությամբ նշեցիք, թե կրթության մասով հատկացվում է ՀՆԱ-ի 2,6%-ը, ինչը մոտ է եվրոպական երկրների ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 3,2%, բայց համեստորեն շրջանցեցիք գիտության համար հատկացված ֆինանսավորումը, որը կազմում է ՀՆԱ-ի 0, 27%-ը»,-ասաց նա։ Պատգամավորը նշեց, թե ըստ փոխնախարարի՝ մինչև 2020թ. գիտության ֆինանսավորումը կավելացնեն՝ հասցնելով մինչև ՀՆԱ-ի 2%-ի։
«Ցանկություն ունեք, բայց այդ թիվն այդպես էլ տարիներով չի փոխվում։ Ինչո՞վ է բացատրվում, որ անցյալ տարի, այս տարի այդ հատկացումները ֆիքսված թվով են»,-հարցրեց նա։
Փոխնախարար Պավել Սաֆարյանը հարցի պատասխանը սկսեց գոհունակությունից. «Գոհունակությունը լավ է երևի, իսկ դուք զարմացած եք, որ գոհունակություն ենք հայտնում»,-նշեց նա և շարունակեց, թե Կառավարությունը գիտության հարցում ոչ պակաս շահագրգիռ է։
«Գիտության նշանակությունը փայլուն պատկերացնում ենք, բայց ամեն ինչ պետք է հաշվի առնել հնարավորությունների շրջանում։ Ես պատրաստ եմ նստել Ձեզ հետ, տեսնենք, թե որտեղից գումար կարող ենք գտնել և հատկացնել։ Բայց որ ասենք, թե ով է ավելի շատ ուզում գիտության ֆինանսավորումը, մենք ոչնչի չենք հասնի»,-նշեց նա։
Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց, թե այստեղ նպատակ չունի պոպուլիստական ելույթ ունենալ. «Ուղղակի Դուք ասացիք, որ մինչև 2020թ. ավելացնելու եք, ես ասում եմ, որ նշույլ չի երևում»։
Փոխնախարարը նշեց, թե վստահաբար կարող է ասել, որ պետնախագծման սկզբունքով եկամուտներն ավելանալու են և ուղղվելու են նշված ոլորտներին։










