Արմեն Աշոտյանը ՀՀ արտաքին քաղաքականությունը համեմատում է Յանուսի հետ

12:34 • 30.10.13

Լուսանկարը՝  «Արարատ» ամսագրի

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ուշագրավ համեմատություն արեց՝ Հայաստանը նմանեցնելով հռոմեական երկդեմ Յանուսին՝ հասկացնել տալով, որ մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ մշտապես պահպանվել է բազմավեկտորությունը:


Արմեն Աշոտյանը Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին խոսելով՝ նաև համեմատություն արեց ՏՏ ոլորտից՝ ասելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչպես ողջ աշխարհում վաղուց արդեն 3D է:


«Հայաստանի, ոչ միայն Հայաստանի, արտաքին քաղաքականություն կոչվածը վաղուց արդեն դարձել է տարածական, այն առնվազն 3D է ողջ աշխարհում, էլ չասեմ, որ կա 5 D, 7 D»,- ասաց հանրապետականը:


Նախարարը, ըստ էության, հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե քանի որ Մաքսային միության անդամ պետությունները այնքան էլ կողմ չեն Հայաստանի՝ այդ կառույցին անդամակցությանը, ուստի Վիլնյուսում հնարավոր է 180 աստիճանով շրջադարձ. Հայաստանը կարող է գնալ դեպի Ասոցացման համաձայնագրի ստորագրում:


Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե հնարավո՞ր է, որ մինչև Վիլնյուս Հայաստանը մտափոխվի և նախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ ասելով, որ իր մոտ ժպիտ են առաջացնում հայաստանյան մեդիադաշտում պարբերաբար հայտնվող տեղեկատվությունները՝ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:


«Մինչ այդ, 3, 5 տարի ժպիտ էին առաջացնում տարաբնույթ մեկնաբանությունները և ձվի մեջ մազ փնտրելու ցանկությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների շրջանակներում: Միաժամանակ մեդիադաշտը մեզ փորձում էր կռվացնել ԱՊՀ երկրների հետ, հիմա, կարծես թե, շեշտադրումները փոխվել են, բայց մոտեցումը մնացել է նույնը»,- ասաց նախարարը:


«Հավաստիացնում եմ, որ օրինակ՝ 3,5,4 տարիների ընթացքում, երբ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը շատ մեծ թվով ռեպորտաժներ, վատ հոդվածներ են ուղղվել Հայաստանին եվրոպական ազդեցիկ, հեղինակավոր պարբերականներից, և, չգիտեք ինչու, դա չի դարձել որոշ ԶԼՄ-ների համար շահարկման առարկա, թե՝ ահա, Հայաստանին չեն թողնում ԵՄ, Հայաստանին ԵՄ չեն թողնի և այլն, և այլն»,- հավելեց Արմեն Աշոտյանը:


Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը, նշելով, որ այս գիշեր Երևան է ժամանել Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը, գրել էր, որ շաբաթ-կիրակի Մոսկվայից ստացված լուրերից հետո, թե Հայաստանը ՄՄ-ի հետ սկսել է պրոբլեմներ ունենալ, նրանք եկել են հետախուզելու, թե արդյոք հնարավո՞ր է, որ մինչև նոյեմբեր 28-29-ը, երբ նախատեսված էր ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, Հայաստանի դիրքորոշումը նորից 180 աստիճանով փոխվի, այսինքն՝ Սերժ Սարգսյանը գնա և ստորագրի Ասոցացման համաձայնագրի փաթեթը:
 

Ինչ վերաբերում է ОРТ-ի հայտնի տեսանյութին, որում ասվում էր, թե հաշվի առնելով, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ Ղարաբաղյան խնդրի շուրջ, ապա Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու ցանկությունը մոտ ապագայի համար կմնա ցանկություն, ապա այն նույնպես վրդովվեցրել է Արմեն Աշոտյանին, այն առումով, որ նման տեսակի ձևակերպումները «ուղղակի անընդունելի են հայ ականջի համար»:

Բայց մյուս կողմից, Արմեն Աշոտյանը հասկացնել է տալիս, որ Հայաստանում էլ կան հակառուսական տրամադրություններ, որոնք պարզորոշ երևում են հայաստանյան մեդիադաշտում, որոնք էլ իրենց անդրադարձը պետք է ունենան ռուսաստանյան մեդիադաշտում:


«Եթե ես լինեի Ռուսաստանի Դաշնության իշխանությունը և փորձեի ՌԴ-ի նկատմամբ հայոց իշխանության վերաբերմունքը հասկանայի Ձեր, հարգելի լրագրողներ, աշխատանքի միջոցով և շնորհիվ, վստահաբար պակաս նստվածքներ չէի ունենա: Ակնհայտ է, որ և՛ Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք մեդիադաշտի միջոցով փորձում են հակառուսական տրամադրություններ սերմանել, և՛ակնհայտ է նաև, ցավոք, որ ռուսական մեդիադաշտում կան արտահայտումներ այն մոտեցումների, որ պետք է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծել արհեստական էմոցիոնալ բնույթի խնդիրներ»,- ասաց Արմեն Աշոտյանը:


Մտնելով լրագրողների հետ հարցի քննարկման «գեոպոլիտիկ տիրույթ», ԿԳ նախարարը հիշեցրեց, որ ԵՄ-ն ստեղծվել է Ֆրանսիայի և Գերմանիայի շուրջ, որոնք եղել են կորիզացման այն օջախը, որի շուրջ հավաքվել և մինչ օրս հավաքվում են մնացած եվրոպական երկրները: Նրա խոսքով՝ նախկինում ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, իսկ այսօր նաև Մաքսային միության համար կորիզացման օջախը Ռուսաստանն է։


«Եվ ակնհայտ է, որ երբ կա կորիզացման կենտրոն, իր շուրջը կորիազցող երկրները և սուբյեկտները տարբեր արագությամբ և տարբեր տրամադրվածությամբ են պատրաստ մտնել այդ պրոցեսի մեջ: Ուստի, Ռուսաստանը ինչո՞ւ չէր կրում այդ գեոպոլիտիկ պատասխանատվությունը այսօր, որպեսզի իր կողմից նախաձեռնած այս գլոբալ պրոյեկտը Մաքսային միությունը, հաջողությամբ պսակվի նաև շնորհիվ այն բանի, որ իր տարածքում գործում են ոչ միայն մաքսային և այլ տեսակի ստանդարտներ ու դրույքաչափեր, այլ նաև՝ միասնական քաղաքական և քաղաքակրթական մոտեցումներ, ինչը նշանակում է, որ Լուկաշենկոյի արտահայտությունների մեջ կարելի է տեսնել որոշակի կարծիք, իհարկե, կարելի է տեսնել նաև Ղազախստանի ղեկավարների արտահայտած մտքերի մեջ ևս՝ որոշակի կարծիք, բայց ես օրինակ՝ չեմ կարծում, որ եթե Թուրքիան իրոք ցանկանար միանալ Մաքսային միությանը, Վլադիմիր Վլադմիրովիչը դա կիմանար Նուրսուլթան Աբիշևիչի շուրթերից»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը:


Ավելին, Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում գնալով ավելանալու է հակառուսական քաղաքական-հասարակական տրամադրություններ ունեցող մամուլի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ձայնը: Նախ` այն պատճառով, որ ա. ԵՄ-ն հայտարարել է, որ շարունակելու է ավելացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն ուղղված աջակցությունը և բ. Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ Հայաստանում ռուսաստանամետ հատվածը ավելի պասիվ է և չի տիրապետում մեդիա ռեսուրսների:


Պատասխանելով հարցին, թե չի բացառվում, որ ռուսաստանյան հանրային հեռուստատեսության այդ ռեպորտաժը ուղղորդված լիներ ՌԴ իշխանությունների կողմից, Արմեն Աշոտյանը տվեց կոնկրետ պատասխան՝ ասելով, որ բացառում է:
Այս համատեքստում նա նաև հիշեցրեց, որ մինչև սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, կրկին ռուս՝ բավականին հայտնի լրագրողներ ու վերլուծաբաններ տարբեր տեսակի և շատ ավելի սուր արտահայտություններ էին իրենց թույլ տալիս: