Չինացի պաշտոնյաները Photoshop-ով արված ծիծաղելի լուսանկար են հրապարակել
Համացանցում լայնորեն տարածված և տարբեր կատակների ու ծաղրի առիթ դարձած լուսանկարը Չինաստանի պետական մարմինների՝ Photoshop-ով նկարների վրա աշխատելու հերթական ձախողումն է, գրում է The Guardian-ը:
Նկարը հրապարակելու նպատակը եղել է Անհոյ նահանգի քաղաքներից մեկի պաշտոնյաների մտահոգությունը ցուցադրելը ծեր բնակչուհուն այցելելու ժամանակ:
Համացանցի օգտատերերի կողմից ծաղրի ենթարկվելուց հետո քաղաքային իշխանությունները շուտով ջնջել են զվարճալի նկարը, որտեղ պաշտոնյաների առեղծվածային մեծ գլուխները նայում են տիկնիկի չափի ծեր կնոջ մարմնին, և ներողություն խնդրել:
Պաշտոնյաները հայտարարություն են տարածել, որտեղ ասել են, որ նրանք իսկապես այցելել են ծերերին չինական փառատոնի ժամանակ: Սակայն իրենց աշխատակիցը ստիպված է եղել միացնել երկու նկարները, քանի որ սենյակի դիրքն այնպիսին է եղել, որ լուսանկարիչը չի կարողացել մեկ կադրում նկարել ծեր կնոջն ու պաշտոնյաներին:
Համաձայն հայտարարության՝ ծեր կինը նստած է եղել պատշգամբում աթոռին՝ արևի տակ: Պատշգամբը շատ փոքր է եղել, և ֆոտոխցիկը չի կարողացել ողջ տեսարանի պատկերը ստանալ:
Մի քանի բլոգերներ նկատել են, որ ակնհայտորեն կեղծ նկարը տարածելու համար համացանցի շատ օգտատերեր կարող են դատարանի առջև կանգնել՝ «բամբասանքներ տարածելու» համար:










