Երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել. Էդուարդ Շարմազանովը Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին
Կարդալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ ՀՀ առաջին նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր խոհեմություն դրսևորել և ինքնակամ հրաժարվել պաշտոնից, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկել է եզրահանգման, որ երբեմն՝ ավելի լավ է լռել, քան՝ խոսել:
Էդուարդ Շարմազանովը Tert.am-ին ասաց հետևյալը. «Ինքն իրեն քաղաքական թոշակառու հռչակած՝ ընդդիմության այլևս ձախողված առաջնորդ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ երկու դիտարկում ունեմ: Առաջին՝ Բադասյանին արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական ընտրելը խոսում է այս գործչի մոտեցումների «կայունության» մասին, ով ժամանակին ներքին գործերի հարցով խորհրդական էր ընտրել հայտնի «քեռուն»:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածն արձագանք էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի եզրակացությանը, թե՝ Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից: Տեր-Պետրոսյանը շախմատային բառապաշարով հավելել է, որ հիմա ՀՀ երրորդ նախագահը ցունգցվանգի էֆեկտի մեջ է հայտնվել, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն:
ԱԺ փոխնախագահի երկրորդ դիտարկումն այն է, որ առնվազն՝ զավեշտալի է, որ Արցախը պահելու մասին, Արցախի մասին, այն կորցնելու մասին խոսում է մի գործիչ, ով իր կառավարման հիմնական շրջանում ` 1992թվականին, «Կոմսոմոլսկայ պարվադային» տված հարցազրույցում կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակին:
«2008 թվականին՝ նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա արտաքին քաղաքական մեխերից մեկն էր՝ քիրվայություն անելը Ադրբեջանի հետ»,-նկատեց ՀՀԿ խոսնակը:










