Նեապոլում սուրճի «դեսպանատուն» կբացվի

12:19 • 30.10.13

Իտալական Նեապոլ քաղաքում կբացվի սուրճի դիվանագիտական ներկայացուցչություն, որի գաղափարը պատկանում է Kimbo ընկերությանն ու La Caffettiera սրճարանին։

 

Ինչպես հայտնում է italia-ru.com կայքը, նախաձեռնության հեղինակների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «սուրճի «դեսպանատունը» կլինի մի վայր, որտեղ այս ըմպելիքին կվերաբերվեն ամենայն հարգանքով, ուշադրությամբ ու հոգատարությամբ»։

 

Աշխարհում առաջին նմանատիպ «դեսպանատունը», որտեղ ամենուր տարածված է սուրճի անուշ բույրը, կարող են այցելել ինչպես Նեապոլի բնակիչները, այնպես էլ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ։ Այստեղ նրանք կարող են համտեսել սուրճի տարբեր տեսակներ, ծանոթանալ դրանց ստեղծման պատմությանը։