Իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ. Հրանուշ Հակոբյանը մտահոգվողներին աշխարհագրության դասեր տվեց

13:23 • 30.10.13

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի արտաքին քաղաքականությունով, պնդելով, որ Հայաստանը Մաքսային միություն ընտրելով՝ մեջքով շրջվեց դեպի Եվրոպա, հանգստացրեց. «Շատ ու շատ առողջ մտածող մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել եմ, և նրանք համարում են, որ Հայաստանի անվտանգությունն ամեն ինչից վեր է»:

 

«Մտածող մարդիկ» ասելով նախարարը նկատի ուներ մարդկանց՝ հայկական սփյուռքի եվրոպական հատվածից։ 

 

Նախարարը նաև նույն մտածող մարդկանց տրամադրությունները փոխանցեց. «Գտնում են, որ մենք չենք կարող միանգամից կտրել հարաբերությունները: Եվ նույն եվրոպական կամ ամերիկյան բիզնեսմենների համար էլ մեծ շուկա է բացվում՝ ԱՊՀ տարածք, 300 մլն-անոց շուկա, որ իրենք նաև գալով Հայաստան կկարողանան դուրս գալ նաև Մաքսային միություն: Ոչ մի դժվարություն կամ անհանգստություն ես մեր հայրենակիցների կողմից չեմ նկատել»:


Նախարար Հակոբյանը նախ փորձեց հստակեցում մտցնել և չհեռացավ իր թիմակիցների պնդումներից, թե որևէ մեկը չի ասել, որ Եվրոպայի առաջ մենք մեր դռները փակել ենք։


«Սփյուռքի նախարարության ու ընդհանրապես ցանկացած հայի համար առաջին հերթին Հայաստանի, Արցախի անվտանգության, ապահովության խնդիրներն ամեն ինչից վեր են: Եվ հետո՝ այդ տարածքում ապրում է երեքուկես մլն հայ, և մենք շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները փայլուն լինեն: Իսկ ո՞վ ասաց, որ սա առաջին քայլն է, առաջին դեպքն է, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն։ 92թ.-ից է մեր ռազմաքաղաքական դիրքորոշումը, ստորագրվել է պայմանագիր, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Գտնում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում՝ համագործակցելով բոլոր կազմակերպությունների, կառույցների հետ, որտեղ նաև հաշվի կառնվեն մեր գերակա շահերը»,- նշեց նա:


Դիտարկմանը, թե նախարարը չի՞ կարծում արդյոք, ինչի մասին բազմիցս եվրոպացի գործընկերներն էլ նշել են, որ այդ կառույցներն անհամատեղելի են։


Նախարարը հակադարձեց. «Նույն Եվրամիությունն ինքն այսօր ցանկություն է հայտնում ինչ-որ պայմանագիր ստորագրելու: Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանը նաև եվրոպական կողմնորոշում, եվրոպական արժեքներ կրող երկիր է, և, հետևաբար, մեր առջև որևէ դուռ փակ չէ: Մենք պետք է աշխատենք, անլուծելի խնդիր չկա, մարդիկ են ստեղծում այդ կանոնները, որոնց վրա կարելի է աշխատել այնպես, որ...»,- ասաց նա, մի փոքր մտածեց ու հավելեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ: Աշխարհագրությունից ի՞նչ եք սովորել: Եվրոպան Ասիայից բաժանվում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով և այլն և այլն: Ինչի՞ մասին է խոսքը: Ո՞վ ասեց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ, ինչո՞ւ եք այդպես աղետ սարքել: Մենք պետք է հասկանանք, որ կա ազգային, պետական շահ, որը ամեն ինչից պետք է վեր դասենք»։