ԲՀԿ-ն հանդիպել է EPR-ի` Եվրոպական պահպանողականների կուսակցության պատվիրակության հետ. քննարկվել է հնարավոր անդամակցության հարցը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում կուսակցության քաղխորհրդի մի քանի անդամներ՝ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զորհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և այլք, հանդիպել են «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների» կուսակցության՝ EPR-ի պատվիրակության հետ, որը գլխավորում է Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության հետ ունենք տևական և շատ արդյունավետ համագործակցություն: Բավականին ներկայացուցչական պատվիրակություն է, քննարկել ենք մեր կուսակցությունների հետագա համագործակցության խնդիրները»:
Ի պատասխան հարցի, թե քննարկվե՞լ է կուսակցության անդամակցությունը EPR-ին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ, այո, եվրոպացի գործընկերների հետ քննարկում են շատ ավելի լայն համագործակցության. այդ թվում՝ անդամակցության խնդիրներ:
Վաղը «Եվրոպական պահպանողականների կուսակցության» պատվիրակության ղեկավարը հանդիպելու է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին:










