ԱՄՆ-ում հարգել են «Սենդի» փոթորկի զոհերի հիշատակը

11:08 • 30.10.13

ԱՄՆ-ի բնակիչները երեքշաբթի հարգել են «Սենդի» կործանարար փոթորկի զոհերի հիշատակը։ Փոթորիկն ուղիղ մեկ տարի առաջ հարվածել էր երկրի Արևելյան ափին և ավելի քան 150 մարդու կյանք խլել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Հազարավոր մարդիկ Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ թաղամասում դուրս են եկել փողոցներ՝ ձեռքերին մոմեր և լապտերներ։

 

Փոթորիկը հարվածել էր ԱՄՆ-ին 2012թ. հոկտեմբերի 29-ին։ Նյու Յորքում հեղեղվել էին բազմաթիվ շրջաններ, այդ թվում՝ մեգապոլիսի ֆինանսական «սիրտը»՝ Ուոլ սթրիթը։ Ջուրը լցվել էր մետրոյի մի քանի թունելներ։ Տրանսպորտային իշխանությունների խոսքով՝ «Սենդին» ամենակործանարար աղետն է եղել քաղաքային գետնանցումների համար՝ իրենց գոյության 108 տարվա ընթացքում։

 

«Սենդի» փոթորիկը խլել է 158 մարդու կյանք։ Փոթորկի հասցրած վնասը կազմել է մոտ 65 մլրդ դոլար։ Այդպիսով՝ «Սենդին» դարձել է «ամենաթանկ» աղետն ԱՄՆ-ի պատմության ընթացքում՝ 2005թ. «Կատրին» փոթորկից հետո։ Այդ ժամանակ երկրի տնտեսությունը կորցրել էր ավելի քան 145 մլրդ դոլար։