ԱՄՆ-ում 9-ամյա երեխան դպրոց է գնացել ատրճանակով
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 9-ամյա աշակերտը դպրոց է ներկայացել լիցքավորված ատրճանակով, որը պահված է եղել նրա ուսապարկում, հայտնում է Лента-ն՝ ABC հեռուստաալիքին հղումով։
Ատրճանակի մասին հայտնի է դարձել, երբ մյուս աշակերտները պատմել են ուսուցչին, ով անմիջապես վերցրել է զենքն ու ոստիկանություն ահազանգել։
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ երեխան ատրճանակը տնից է բերել, սակայն թե ինչ նպատակով՝ հայտնի չէ։
Կայքը նկատում է, որ վերջին շաբաթների ընթացքում հրազենային զենքի հետ կապված սա առաջին միջադեպը չէ ամերիկյան դպրոցներում։ Հոկտեմբերի 21-ին Սպարկս քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտը դասի ժամանակ կրակահերթ էր բացել՝ սպանելով մեկ դասընկերոջ ու վնասվածքներ հասցնելով 2-ին։
Դրանից հետո Վաշինգտոն նահանգում ձերբակալվել է 11-ամյա դպրոցական, ով դասի է գնացել ատրճանակով, 400 փամփուշտով ու դանակներով։










