Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվը`եկեղեցու ներքին անօրինականությունների մասին

13:03 • 31.10.13

Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը, ով վերջերս է կարգալույծ արվել ընկերակցության կողմից, պայքարում է իր իրավունքների վերականգման համար:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ իրեն կարգալույծ են արել Ավետարանչական ընկերակցության և Ավետարանական եկեղեցու ներսում տիրող անօրինականությունների մասին բարձրաձայնելու համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ Ավետարանչական ընկերակցության կողմից կազմակերպված ճամբարում երեխաներին առանց տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելու մատուցվել է սեռադաստիարակության դասընթաց՝ էրոտիկ տեսարանների ցուցադրմամբ:

 

Այսօր նա անդրադարձավ մի շարք այլ անօրինականությունների:

 

«Հայ Ավետարանական եկեղեցու կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դավանանքի ու խոսքի ազատության հիմունքներին: Սահմանադրության իրավական կանոնների փոփոխության պարագայում, ներսի կանոնադրությունը չի փոխվել: Ավետարանական եկեղեցին գործում է այսօր աղանդաբար: Ներկայացվում է որպես առաքելականի քույր եկեղեցի, սակայն վերամկրտություն է իրականացնում, և մենք ունենք փաստեր: Սա հակասում է քրիստոնեական գաղափարին»,-ասաց նա և ավելացրեց, որ այսօր ընկերակցությունը, որը բարեգործական գործունեությամբ է զբաղված, գրանցվել է որպես կրոնական կառույց, որպեսզի խուսափի հարկերից:

 


Հարցին, թե արդյո՞ք կառույցում վերականգնվելուց հետո կշարունակի աշխատել նույն եկեղեցում՝ տեսնելով բոլոր անօրինականությունները, նա պատասխանեց, որ ինքը թեև հեռացված է, բայց Արագածոտնի մարզում շարունակում է հովվի իր առաքելությունը:

 


«Իմ պայքարը եկեղեցու նկատմամբ չէ, Ավետարանական եկեղեցին աղանդավոր եկեղեցի չէ, հիմա է, որ աղանդակերպ է գործում: Ես ոչ թե եկեղեցու դեմ եմ, այլ անօրինականությունների: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես է եղել, որ ես ապարանցի պահպանողական լինելով՝ Ավետարանական եկեղեցի եմ մտել: Այսօր հասկացել եմ, Աստված ինձ ուղարկել է այնտեղ անօրինականությունների դեմ պայքարելու համար»,-ասաց նա: