Վենեսուելայի նախագահը Չավեսի դեմքն է նշմարել մետրոյի թունելում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մետրոյի թունելում արված լուսանկար է ցուցադրել, որտեղ, իր խոսքով, կարելի է տեսնել նրան նախորդող Ուգո Չավեսի դեմքը, որը մահացել է 2013 թվականի մարտին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով El Universal-ին:
Agence France-Presse-ի տեղեկություններով՝ Մադուրոն այդ մասին ասել է չորեքշաբթի օրը Կարակասում տեղի ունեցած հանրային միջոցառման ժամանակ:
Մադուրոյի խոսքով՝ նկարն արել են բանվորները Կարակասում մետրոյի կառուցման ժամանակ: Թունելում իբր բանվորներին է երևացել Ուգո Չավեսը, և նրանք նկարել են նրան բջջային հեռախոսով, այնուհետ հանդիպման ժամանակ ցույց տվել ներկայիս նախագահին:
Ուգո Չավեսի մահվանից հետո նրա տեղը զբաղեցրած Նիկոլաս Մադուրոն բազմիցս պատմել է, թե ինչպես է երկրի նախկին առաջնորդը հայտնվում իրեն տարբեր կերպարներով: Մասնավորապես՝ Մադուրոն մի քանի անգամ Չավեսին տեսել է թռչնի պատկերով: Նրա խոսքով՝ նախկին նախագահն այդ կերպ մի անգամ նրան օրհնել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Բացի այդ, Մադուրոն պատմել է, որ իր մտերիմների հետ ժամանակ առ ժամանակ գիշերում է Չավեսի մարմնով սարկոֆագի մոտ, որը գտնվում է Կարակասի հեղափոխության թանգարանում:










