Պեկինի ոստիկանությունը կոչ է արել կանանց մեքենա վարելու ընթացքում խուճապի չմատնվել
«Մի´ կրեք բարձրակրունկ կոշիկներ, երբ նստում եք ղեկին։ Խուճապի մի´ մատնվեք». իր միկրոբլոգում կին վարորդներին այսպիսի խորհուրդներ է տվել Պեկինի ոստիկանությունը, ինչն էլ դժգոհությունների և քննադատությունների ալիք է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով AFP գործակալությանը։
Խորհուրդների տեքստում նշվում է նաև. «Կանայք հաճախ անուշադիր են ղեկին։ Երբ նրանք ինքնուրույն են վարում, իրենց համար դժվար է ընտրել ճիշտ երթուղին, եթե նույնիսկ այն իրենց շատ լավ ծանոթ է»։
Համացանցում անմիջապես կարծիքներ են հայտնվել այն մասին, որ նման խորհուրդները ստորացնում են կանանց և խտրականություն առաջացնում։ Ավելին, դժգոհություն է առաջացրել նկարազարդումը, որը պատկերել է կին վարորդի և ոստիկանի միջև վիճաբանություն, ընդ որում՝ կնոջ մեքենան պատկերված է եղել մեծ կարմիր բարձրակրունկ կոշիկի տեսքով։
Օգտատերերն առաջարկել են խորհուրդներ գրել տղամարդ վարորդների համար, մեծամասնությունը նշել է, որ վթարների հիմնական մասը տեղի է ունենում տղամարդկանց մեղքով։










