Սիրիայի քիմզենքի արտադրության սարքավորումները ոչնչացվել են
Ոչնչացվել են Սիրիայում քիմիական զենքի արտադրության բոլոր սարքավորումները, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության հայտարարությունը: Աղբյուրը շեշտում է, որ խոսքը հայտարարագրված սարքավորումների մասին է:
Բուն սիրիական քիմզենքի ոչնչացման առումով շրջանառվում են երկրների անուններ, որտեղ դա կկատարվի. եթե նախկինում խոսվում էր Նորվեգիայի տարածքի մասին, ապա այժմ դիտարկվում է Ալբանիան:
Այս լուրերին նախորդել էր լիբանանյան լրատվամիջոցների ահազանգը, թե նախօրեին սիրիացի ապստամբները կրկին քիմիական զենք են կիրառել, այս անգամ` Թուրքիայի սահմանին:
Օգոստոսին Սիրիայի մայրաքաղաքի մոտ քիմիական հարձակումից շուրջ 1500 մարդ էր զոհվել, ինչից հետո սկսվել էր սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը` միջազգային հանրության ճնշումների ներքո:










