Գարեգին Բ-ն կոչ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին օգնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին

13:46 • 31.10.13

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հարավկորեական Փուսան քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ ասամբլեայի բացմանը կոչ է արել ակտիվացնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, հայտնում է РИА Новости-ն։

 

Այդ հարցը բարձրացրել են նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլաֆ Թվեյթը և մի շարք այլ մասնակիցներ, այդ թվում նաև Սիրիայից և Եգիպտոսից։

 

«Մենք խորապես ցնցված ենք մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի սարսափելի տանջանքներից։ Վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք դառնում ծայրահեղականների կողմից նրանց հետապնդումների ականատեսը, և դա միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։ Մերձավոր Արևելքում բռնության ենթարկվող քրիստոնյաները վկայում են մեր օրերում չարչարանքների մասին։ Մեր ուժերի սահմաններում է մեր երկրներում և այս ասամբլեայում միավորել մեր ձայներն ու գործողությունները՝ բռնության դեպքերը կանխելու և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու համար»,- ասել է Գարեգին Բ-ն։

 

Նրա խոսքով՝ առաքելական ժամանակներից ի վեր Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքները, ներառյալ հայերը, ապրել են խաղաղ և բարեկեցիկ։ Քրիստոնյաները խաղաղարարների դեր են կատարել շրջանում։ Եվ իրենց երկրներում նրանց հանդեպ վերաբերմունքն «արդարադատության թեստ» է՝ հարգվում են արդյոք մարդու իրավունքները տեղի իշխանությունների և բնակչության մեծամասնության կողմից։


«Մենք պետք է վճռական հայտարարենք մարդու իրավունքների դոկտրինի համընդհանրության մասին՝ արդյոք խոսքը Սիրիայում և Եգիպտոսում կյանքի պայքարի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ բնակիչների ինքնորոշման իրավունքի համար պայքարի մասին է»,- նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
 

Նա հավելել է նաև, որ 2015-ին կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և շնորհակալություն է հայտնել ԵՀԽ-ին և ավելի քան 20 երկրների եղեռնի պաշտոնական ճանաչման համար։