Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունը Լևոնի հերթական բլեֆն է. Համլետ Հարությունյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմ գտնվի և հրաժարական տա, հերթական բլեֆ է համարում։
«Լևոնի հերթական բլեֆն է էլի, մնում-մնում ա սենց ոչ հարիր մեր ժամանակներին ինչ-որ բաներ ա մոգոնում և ասում: Ես օրինակ էդ գրվածքից բան չհասկացա, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա»,– ասաց նա:
«Ես, եթե գնահատելու լինեմ Սերժ Սարգսյանի էպոխան՝ ամենավստահ նախագահն է երեք նախագահներից, որը վայելում է թե՛ իր կուսակցության հովանավորությունը, վստահությունը, և թե՛ ընդհանրապես ներքին ու արտաքին միջավայրում նա ունի իր ձեռագիրը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Ավելին, ըստ Համլետ Հարությունյանի՝ Սերժ Սարգսյանը հաստատուն քայլերով է գնում առաջ, իսկ եթե ինչ-որ բաներ այն չեն, ապա դա իրենից կախված չէ, քանի որ դրանք միջազգային հարաբերությունների արդյունք են:
«Որտեղ Սերժ Սարգսյանը լինի, ով ուզում է լինի, կլինի այնպես, ինչպես նրանք ուզում են, որովհետև նրանք ունեն իրենց քաղաքականությունը, իսկ մենք մեր քաղաքականությունն ենք վարում: Հետո էդ տոնը, էդ բանը ... ես դատապարտում եմ, չի կարելի … օրինակ, եթե Սերժ Սարգսյանը այդպիսի նամակ գրեր Լևոնի դեմ սարսափելի փաստերով կգրեր»,– ասաց նա:
Համլետ Հարությունյանն ընդգծեց, թե նույնիսկ գլխի չի ընկնում՝ առաջին նախագահն ինչի մեջ է մեղադրում է Սերժ Սարգսյանին։ «Երբ դրա հիմնադիրը ինքն է: Ինչի՞ մեջ է մեղադրում ...»,- նշեց նա և ավելացրեց, թե էթիկապես սխալ է, երբ նախկին նախագահը ինչ-որ բաներ է ասում գործող նախագահի մասին:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե Սերժ Սարգսյանի իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի համար, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանեց. «Գիտեք ի՞նչ կա, այդպիսի պոպուլիստական հայտարարություն կարող է անել միայն այնպիսի մի մարդ, որը իրավիճակից կտրված է և վիրտուալ է նայում աշխարհին»:
Պատգամավորը հավատացրեց, թե այն, ինչին չի հաջողվում հասնել Սերժ Սարգսյանին, մեղավոր չէ ո՛չ ինքը՝ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք դիմակայում ենք այս ահռելի իրավիճակին, և պետք է գնահատել նախագահի աշխատանքը, որ կարողանում է այս ծանրագույն իրավիճակում դիմագրավել այդ վտանգներին»:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյա՞նը չէ պատասխանատու արտագաղթի տեմպերի համար, երբ միայն սահմանային անցակետով Հայաստանից ամսական 160 հազար մարդ է հեռանում, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Արտագաղթը շատ ցավալի հարց է, շատ, որին ես պատրաստի դեղատոմս չունեմ, որ ձեզ հիմա ասեմ։ Մենք, սկսած նախագահից, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք արտագաղթը, եթե ոչ լիարժեք ձևով, ապա գոնե նվազեցնենք»:
Որպես ամփոփում Համլետ Հարությունյանն ասաց. «Եթե ընդդիմության գոյությունը գնահատվի նամակներով, ապա օրը տասը կամ տանսհինգ նամակ կգրեն»։










