Եթե զգաք, որ ՄՄ անդամակցման համար Ղարաբաղն է պայմանը, ինչպիսի՞ն կլինի Ձեր կողմնորոշումը. Արամ Մանուկյանը՝ ԱԳ փոխնախարարին

16:32 • 31.10.13

2014թ. պետական բյուջեում եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղղված հարցն անձնական էր։ Պատգամավորը հանդես եկավ հարցադրմամբ, թե եթե փոխնախարարը զգա, որ Մաքսային միություն մտնելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ինչպիսի՞ն կլինի նրա դիրքորոշումը։


Իսկ մինչ բուն հարցին անդրադառնալը նա բավական երկար ձևակերպում ներկայացրեց՝ հիշեցնելով եվրաինտեգրմանն ուղղված բոլոր ջանքերը, թե ինչպես այն մեկ օրում «ջուրը լցվեց»։


«Ես հիշում եմ մեր հանդիպումը, թե ինչ շոկ ապրեցիք այդ գործընթացից, քանի որ Դուք էիք զբաղվում այդ հարցով։ Ես բացարձակ չեմ ուզի լինել Ձեր տեղում, որովհետև հիմա էլ եք դուք անորոշության մեջ»,-ասաց նա։


Արամ Մանուկյանը նկատեց, թե մեր երկիրն արտաքին բնագավառում խարխափող, մերժվածի կամ ձախողվածի կարգավիճակում է։

 

«Եթե այսօր Մաքսայինի հետ կապված սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը, անգամ հետադիմական Բելառուսի և այլոց կողմից, որոնք Մաքսային միության վերաբերյալ դիրքորոշում են արտահայտում և տարօրինակորեն այդ կարծիքները լալկանությամբ արտահայտված ՀՀ իշխանությունները...»,- ասաց նա, սակայն պատգամավորի խոսքն ընդհատեց նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ով նշեց, թե չի կարելի բյուջեի քննարկումից շեղվել։

 

 

Արամ Մանուկյանը պնդեց, թե սա այն դեպքն է, որ կարելի է և խնդրեց չխանգարել։ «Դուք որպես ինֆորմացված մարդ, արտաքին դիվանագիտության մեջ դերակատարում ունեցող մարդ, եթե զգաք, որ Մաքսայինի մեր մտնելու համար Ղարաբաղն է պայման, ինչպիսի՞ն կլինի ձեր կողմնորոշումը: Որպես մարդ, որպես պատվարժան մարդ, որպես պաշտոնյա ի՞նչ առաջարկ կներկայացնեք Ձեր նախարարին կամ ամբողջ համակարգը ղեկավարողին, եթե Ղարաբաղը լինի խաղաքարտը, որի դեպքում ձեզ առաջարկում են մտնել Մաքսային միություն»,-հարցրեց նա։

 

 

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ թեև հարցը որոշ չափով անձնական տարր է պարունակում, սակայն ինքը խուսափելով մտնել անձնական դաշտ՝ կպատասխանի մի փոքր այլ կերպ։ «Եվ ես, և դուք, և մենք բոլորս այստեղ աշխատում ենք, 22 տարի նույն հոգսերով ենք ապրում, նույն խնդիրներով, և իմ փորձը ցույց է տալիս, որ ես չեմ աշխատում մի միջավայրում, որտեղ կարիք լինի հայրենասիրության մրցակցության։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ում հետ ես այսօր աշխատում եմ, ունեն հայրենասիրության պակաս կամ անտարբերություն կամ առավել ևս անպատասխանատվություն ԼՂ հարցի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ երբևէ մի իրավիճակի կգանք, որ նման ընտրության կարիք լինի, նման բան չի եղել և վստահ եմ, որ չի լինելու»,-նշեց նա։


Պաշտոնյան նկատեց, թե վստահ է, որ գոնե այդ հարցում կա կոնսենսուս։ «Մենք ունենք ընկալումները, ձևերը՝ անդրադառնալու, թե ինչպես կկարգավորվի Ղարաբաղի հիմնահարցը, բայց չեմ կարծում, որ պատասխանատու մարդկանց մեջ, հասարակական կարծիք ձևավորող մարդկանց մեջ չկա կոնսենսուս, որ այս գործընթացի ընթացքում նման այլընտրանքների առջև կանգնելու առիթ չենք ունենա»,-նշեց նա։


Արամ Մանուկյանն արձագանքեց. «Իմ ցանկությունը Ձեր ձախողելը չէ, ի սեր Աստծո, Ձեր ձախողելը այս երկրի ձախողումն է։ Ծրագրել որևէ բան ու արդյունքի չհասնել, դա էլ է նորմալ, թույլատրելիության սահմանում. ծրագիրը չի իրականացվել, և դու հայտարարում ես դրա մասին, դա էլ ուժեղության նշան: Իմ ասածը հետևյալն է, որ սխալն ակնհայտ է, և քո առջև դնում են այնպիսի պայման, որի արդյունքում կարող է կորցնես տարիների ձեռքբերածը, այդ դեպքում կարելի է լինել ուժեղ և հրաժարվել այդ ճանապարհից՝ ուրիշին ճանապարհ տալ»։


Մնացականյանը կրկնեց, որ վստահ է, որ նման իրավիճակ ոչ-ոք Հայաստանին չի առաջարկում։