Կուբանում Դեդ Հասանի կլանին պատկանող՝ ազգությամբ հայ քրեական հեղինակություն է զոհվել

00:51 • 31.10.13

Կուբանում չեն դադարում «օրենքով գողերի» երկու հակառակորդ խմբավորումների միջև մղվող մահացու պատերազմները տարածաշրջանում իշխանություն ձեռք բերելու համար: Ինչպես հաղորդում է Primecrime-ը՝ Արմավիր քաղաքում մահացել է քաղաքային քրեական հեղինակություն Արա Մուրադյանը, ով վիրավորվել էր հակառակորդ հանցավոր կլանի հետ տեղի ունեցած խոշոր «ռազբորկայի» ժամանակ:


Աղբյուրի տվյալներով՝ հարաբերությունների պարզումը «օրենքով գողերի» միջև սկսվել է հանկարծակի՝   քաղաքային սրճարաններից մեկում, որտեղ էլ Արա Մուրադյանի կողմից հրավիրվել է ոմն Ռեզիկոն, ով ձգտում էր դառնալ հակառակորդ կլանի անդամ: Արա Մուրադյանը հանգուցյալ Դեդ Հասանի կլանի անդամ էր:


Հանդիպման ընթացքում երկու անձանց միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված որոշ քրեական հեղինակությունների հետ, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Այնուհետև սրճարանում են հայտնվել նաև այլ քրեական դեմքեր,և ծեծկռտուքն ավելի ուժգին թափ է ստացել: Ամենաշատը տուժել է Արմավիրի բնակիչ Արա Մուրադյանը, ով ստացած վերքերից մահացել է հաջորդ օրը: