Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը. ներկայում ամերիկացիների միայն 42%-ն է ճիշտ համարում նրա կայացրած որոշումները:
Wall Street Journal-ի և ABC-ի անցկացրած համատեղ հարցումից պարզվել է, որ ամերիկացիների 51 տոկոսն Օբամայի աշխատանքը ոչ բավարար է համարում:
Դեռ ամսվա սկզբին Օբամայի գործունեությանը հավանություն էր տալիս ամերիկացիների 47, իսկ 2012-ի վերջին` 52 տոկոսը:
Օբամայի նախագահությունից ի վեր առաջին անգամ նրա գործունեությունը բացասական գնահատողների թիվը գերազանցել է դրական գնահատողների թիվը:
Օբամայի վարկանիշի հետ մեկտեղ չափազանց ցածր է նաև նրա Դեմոկրատական կուսակցության ռեյթինգը:
Դրանից բացի, 40 տարվա մեջ առաջին անգամ հարցվածների միայն 30 տոկոսն է ասել, թե լավատես է ԱՄՆ-ի քաղաքական համակարգի հարցում:










