Նիկոլ Փաշինյանը Շավարշ Քոչարյանից այդպես էլ հստակ պատասխան չստացավ, թե նա համոզվա՞ծ է, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կասկածի տակ է առնված Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և խնդրեց հստակ ձևակերպել, որ նա համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը կանդամակցի Մաքսային միությանը։
«Նախորդ շաբաթվանից Հայաստանում լայնորեն քննարկվում է երկու իրադարձություն, որոնք կասկածի տակ են դնում, որքան էլ դա զավեշտալի հնչի, ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը ՄՄ-ին։ Առաջինը՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ակնարկը՝ Ղարաբաղի հարցի կապակցութամբ և երկրորդը՝ ORT-ի հայտարարությունը, որը ես համարում եմ քաղաքական, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, համենայն դեպս կարծիք կա, որ դա չէր կարող պաշտոնական մակարդակով ճշտված չլինել։ Հիմա հարց, համոզվա՞ծ եք, որ Հայաստանին հաջողվելու է անդամակցել ՄՄ-ին, և հետո ի՞նչ է անելու Վիլնյուսում ՀՀ-ն նոյեմբերի 26-29-ին։
Շավարշ Քոչարյանը սկսեց Վիլնյուսի հարցից՝ նշելով, թե քանի որ բնական է, որ անհնար է ստորագրել «Խորը և համապարափակ ազատ առևտրի համաձայնագիրը» ՄՄ-ին անդամակցելու որոշումից հետո, այդուհանդերձ իրենց դիրքորոշումը նույն է՝ շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։
«Բնական է, որ դա ենթադրում է որոշակի փոփոխություններ, դրա համար ես այս պարագայում կոնկրետ պատասխան չեմ կարող տալ»,-նշեց նա և անդրադարձավ Մաքսային միության անդամակցության հետ կապված հայտարարություններին։
«Բոլոր հարցերի պատասխանը տրվել է հոկտեմբերի 24-ին հենց Մինսկում, որովհետև այնտեղ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ և Բելառուսի, և Ղազախստանի, և Ռուսաստանի նախագահների միջև, որը եղել է մեկը, որը հավանություն է տալիս, առավել ևս մեկը, որը պետք է ստորագրի Հայաստանը Եվրասիական հանձնաժողովի հետ, որից հետո պետք է սկսի այս ծանր ու լուրջ գործընթացը»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է ORT-ի հաղորդմանը, ապա նա համաձայնեց, որ դա խայտառակ հաղորդում է։ «Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ՌԴ իշխանություններն անընդունելի են համարում այդ հաղորդման հեռարձակումը, դա իրենց ձևակերպումն է։ Ավելին՝ կարող եմ ասել, որ դա գիտե՞ք ինչ էր, դա երրորդ կողմի ցանկությունների արտահայտումն էր, որը դարձավ անիրականանալի, որովհետև 24-ին լրիվ այլ փաստաթուղթ ստորագրվեց»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հուշեց. «Դուք Բելառուսի հետ կապված ասում եք՝ փաստաթուղթ է ստորագրվել, իմ հարցը շատ կոնկրետ էր: Ես ասացի, դուք համոզվա՞ծ եք, թե կանդամակցի ՀՀ-ն ՄՄ-ին, բայց այդպես էլ հստակ պատասխան չտվեցիք։ Եթե ստորագրել են, և նորմալ է ամեն ինչ, ինչու՞ չասել, որ այո, անդամակցելու է. չնայած մի ժամանակ էլ համոզված էիք, որ «ասոցացմանը» կստորագրեք»,-նշեց նա և հարցրեց, թե ՌԴ իշխանության նշված տեսակետներին իրենք ինչպե՞ս կարող են ծանոթանալ։
Շավարշ Քոչարյանը նշեց, թե կա հստակ մեխանիզմ, և դա արվել է ԱԳՆ-ի խողովակով։ «Բացի այդ, դա այնքան ակնհայտ է, որ անընդունելի է, որովհետև ո՞նց կարելի է, մի երկրի ղեկավարը փաստաթուղթ ստորագրի ու անի այլ հայտարարություն, որ այդ փաստաթղթին հակասի»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է համոզված լինելուն, ապա ըստ Քոչարյանի՝ գործընթացում ներգրավված են տարբեր կողմեր։ «Հնարավոր է՝ տարբեր խնդիրներ առաջանան, և մենք միշտ պետք է առաջնորդվենք մեր շահերով։ Այնպես որ, նախապես ասել, որ համոզված եմ, թե ոչ... Ես չեմ կարծում, որ արտաքին գործընթացներում ներգրավված ներկայացուցիչը պետք է զբաղվի կանխատեսումներով»,-ասաց նա։
ՀԱԿ պատգամավորն անմիջապես արձագանքեց. «Հիմա արձանագրում եմ՝ առաջին՝ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալը համոզված չէ, որ ՀՀ-ն կընդգրկվի ՄՄ-ին. սա արձանագրում ենք»։ Փոխնախարարը հակադարձեց. «Ներողություն, դա Ձեր ձևակերպումն է, որը չի համապատասխանում կրկին իրականությանը»։
Փաշինյանը կրկին արձագանքեց, բայց այս անգամ ծիծաղով. «Ուրեմն ձևակերպենք, որ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալը համոզված է, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին»։
«Այ էդ սև ու սպիտակով գնալն է, որ Ձեզ գցում է այդ օրը»,-նշեց փոխնախարարը։ Փաշինյանը, կարևորություն չտալով, շարունակեց. «ORT-ի հայտարությունը հնչել է բոլորիս լսելի և տեսանելի ձևով: ՌԴ-ն, փառք Աստծո, այնպիսի պետություն է, որ նորից կարող է բոլորիս լսելի ձևով արտահայտել իր դիրոքոշումը հստակ՝ իմանալով, որ այդ հարցը ՀՀ քաղաքացիներին շատ է հուզում, ես ինձ համար արձանագրում եմ, որ ինչ-որ ասում եք, դա փաստ չէ»,-նշեց նա։
Շավարշ Քոչարյանի նյարդերը տեղի տվեցին. «Պարոն Փաշինյան, ի՞նչն է ուժի մեջ, Պուտինի ստորագրությու՞նը, թե այդ հայտարարությունը, չեմ կարող հասկանալ, ինչ եք ուզում ասել։ Կան ստորագրված փաստաթղթեր։ Գնացեք, համոզեք ռուսներին, որ իրենց շահն է հայերին համոզելը»։
Փաշինյանը տեղից եզրափակեց. «Մի հուզվեք»։










