Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է

12:00 • 31.10.13

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի մոտ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

 

Ըստ կայքի տվյալների՝ կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի, թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել: Հիվանդ երեխաների մեծ մասը մինչև 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմ կամ թերի են պատվաստված: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ենթակա երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշը Սիրիայում 2010 թվականի 91 %-ից մինչև 2012 թվականը նվազել է` դառնալով 68%: Ի դեպ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում 1999 թվականից ի վեր վայրի պոլիովիրուսներ չէին հայտնաբերվել:


Հոկտեմբերի 24-ից Սիրայում սկսվել է լայնամասշտաբ լրացուցիչ պատվաստումների արշավ, որի ընթացքում մոտ 1.6 միլիոն երեխա պետք է պատվաստվի պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ:


Սիրիայի ողջ տարածքում և հարևան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկելու է լայնածավալ պատվաստումների արշավ, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:


Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:


Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր ճանապարհորդներին խորհուրդ է տալիս պոլիոմիելիտով ախտահարված տարածքներ մեկնելիս կամ այդ տարածքներից ժամանելիս պատվաստվել պոլիոմիելիտի դեմ: