Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:
Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը՝ պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ:
Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի:
Նախագահի խոսքով՝ եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման և զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:










