Սաակաշվիլիին մեղադրել են չափից ավելի գթասիրտ լինելու համար

17:21 • 31.10.13

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն անպատասխանատու է համարել նախագահի պաշտոնից հեռացող Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը 248 կալանավորների համաներում շնորհելու մասին, որոնց մեծ մասը, ինչպես պնդում են նախարարությունում, դատապարտվել են ծանր հանցագործությունների համար, հայտնում է «Грузия Online»-ը:

 

Սաակաշվիլին ազատ է արձակել 15 հանցագործների, որոնք իրենց պատիժն էին կրում մահափորձի համար, և չորս կալանավորների, որոնք դատապարտված էին սպանության համար: Համաներվածների թվում են հայտնվել նաև մարդիկ, որոնք պատասխանատվության են ենթարկվել գողության, մաքսանենգության, թմրանյութերի վաճառքի  համար:

 

Այն մասին, որ նախագահը 248 կալանավորների համաներման մասին հրամանագիր է ստորագրել, հայտնի է դարձել հոկտեմբերի 30-ին: Այդ որոշումն անդրադարձել է նաև  պաշտպանության նախկին փոխնախարար Նիկոլոզ Ձիմցեիշվիլիի վրա:

 

Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովի խոսքով՝ Սաակաշվիլին համաներում է շնորհել այն մարդկանց, որոնց նա համարում էր քաղաքական հալածանքների զոհ:

 

Պատժի կրման հարցերի նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ բարոյական տեսանկյունից այդ որոշումը «բացարձակապես արդարացված չէ»: Ընդ որում՝ նա մեղադրել է նախագահին դատական իշխանության գործունեությանը միջամտելու համար: