Սիրիական քիմիական զենքը կարող է ոչնչացվել Ալբանիայում
Սիրիական քիմիական զենքը կարող է տեղափոխվել Ալբանիա՝ ոչնչացման համար։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է ամերիկյան մասնագիտացված Global security newswire ցանցային տեղեկագիրը։
Վերջինս հղում է կատարել սեփական տեղեկատվական աղբյուրներին և մի շարք փորձագետների։
Համաձայն առկա տեղեկությունների՝ թունավոր նյութերի տեղափոխումը Սիրիայից Ալբանիա՝ ոչնչացման նպատակով, իրադարձությունների շատ հավանական զարգացում կարող է լինել։ Բացի Ալբանիայից, բացառված չէ, որ սիրիական զենքը կընդունեն Բելգիան ու Ֆրանսիան։
Չարլզ Դելֆերը, ով ղեկավարել է ամերիկացի փորձագետների խումբը, որն Իրաքում զանգվածային ոչնչացման զենք է որոնել, ընդգծել է, որ Ալբանիան տրամադրված է սիրիական քիմիական զենքն ընդունելուն, քանի որ դա հեշտությամբ կարող է բարձրացնել նրա կարգավիճակը։
Ալբանիան 2007թ.-ին դարձել էր առաջին երկիրը, որն ամբողջությամբ ոչնչացրել էր իր քիմիական զենքը՝ Քիմիական զենքն արգելող կոնվենցիային միանալուց հետո։










