Նոր երևույթ՝ Սիրիայի տարածքում Թուրքիան փորձում է զինյալներին օգտագործել քրդերի դեմ. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիան փորձում է օգտագործել զինյալներին քրդերի դեմ՝ Սիրիայի տարածքում. դա նոր երևույթ է: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սիրիայում ստեղծված իրադրությունը վերջին ժամանակում նոր իրողություններ է ի հայտ բերում, որոնք, ցավոք սրտի, չեն կարող հուշել այն մասին, որ խնդիրը մոտենում է իր հանգուցալուծմանը, ոչ, շարունակվում է զենքի, գրոհայինների ներմուծումը գուցե և ավելի մեծ ինտենսիվությամբ, քան անցյալում»,-ասաց նա:
Բանախոսը նկատեց, որ Սիրիայի շուրջ կան մի քանի զարգացումներ: Ամենակարևորը նոյեմբերի վերջին նախատեսված հանդիպումն է, որին պետք է մասնակցեն տարբեր ուժեր և քննարկեն խաղաղության հարցը, սակայն, ինչպես Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, ցավոք այս օրերի լրատվությունը վկայում է, որ ընդդիմադիր ուժերի մեծ մասը հրաժարվում է մասնակցել այդ հավաքին, ինչը վտանգում է այդ հանդիպումը:
«Սրվում են նաև ԱՄՆ-ի և Սաուդիան Արաբիայի հարաբերությունները Սիրիայի հետ կապված: Իսկ իրադրությունը Մերձավոր Արևելքում հիմա բավական սուր է և սրվելու ավելի մեծ միտումներ ունի»,-ասաց նա:
Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դրանցում վերջին շրջանում լարվածության նշաններ են երևում. Թուրքիան շահագրգռված է, որ զինյալ խմբավորումներն ուժեղանան, որ դրանք հետո օգտագործի քրդերի դեմ: «Թուրքիան փորձում է ինքնուրույն խաղ խաղալ, ինչը գնալով ավելի մեծ դժգոհություն է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ ենթատեքստում Ղարաբաղի հարցին, բանախոսն ընդգծեց, որ սկզբունքորեն նոր զարգացում Ղարաբաղի շուրջ չի տեսնում:










