ՀՀ-ն մտադիր է Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել «ամենալուրջ» մակարդակով. Զոհրաբ Մնացականյան

16:45 • 31.10.13

ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չի կարող հստակ ասել, թե Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ինչ փաստաթուղթ է ստորագրելու Ասոցացման համաձայնագրի փոխարեն, սակայն հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել «ամենալուրջ» մակարդակով:


Իսկ թե դա ի՞նչ է ենթադրում, փոխնախարարը պատասխանեց. «Հնարավորինս բարձր ներկայանալի մակարդակ»:


Լրագրողների հարցին, թե ըստ տարածված տեղեկությունների՝ ստորագրվելիք փաստաթուղթն ընդամենը հուշագի՞ր է լինելու, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, թե կարևորը փաստաթուղթը արտացոլելու է համագործակցության բովանդակությունը, որն իրենք ունեն Եվրամիության հետ որպես գործընկերներ։


«Մեզ համար առաջնայինը բովանդակությունն է, որը մենք կարտահայտենք ձևի մեջ, որևէ փաստաթղթի մեջ: Մենք խոսել ենք մեր գործընկների հետ, և ես վստահ եմ, որ մենք կգտնենք մի ձև»,- ասաց նա և ավելացրեց, թե ձևը և բովանդակությունը «միմյանց հետ փոխկապակցված են»:


«Այն շրջանակը, որի մեջ մենք Եվրամիության հետ, մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել, կարտացոլվի, կարտահայտվի ձևի մեջ: Նոյեմբերին լինելու է գագաթաժողովը, նոյեմբերի 28-ից հետո 29-նն է լինելու, 29-ից հետո 30-նն է լինելու և կյանքը շարունակվելու է և մեր գործընկերությունը շարունակվելու է»,- նշեց նա:


Թե ի՞նչ բովանդակություն են ակնկալում՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ես խոսեցի բազմաթիվ, տարբեր ոլորտների մասին, որոնք այսօր ձևավորում են ՀՀ-ԵՄ գործընկերությունը: Մեր այդ բովանդակության շրջանակում է, որ մենք այսպես թե այնպես կարտացոլենք ներկայիս իրավիճակը և այն նպատակները, որ մենք՝ երկու գործընկերներով, միասին դնում ենք մեր առջև զարգացնելու իրենց հարաբերությունները»:


Փոխնախարարը վստահեցրեց, որ դա վերջին փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Եվրամիության միջև:


Այնուհետև նա անդրադարձավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և հրաժարական տա։ Զոհրաբ Մնացականյանը ասաց, որ համաձայն չէ ՀՀ առաջին նախագահի հետ, թե Սերժ Սարգսյանը արկածախնդիր արտաքին քաղաքականություն է վարում։ «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն»,– ասաց նա:

ՀՀ փոխարտգործնախարարը նաև համաձայն չէր տեսակետին, թե Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ընկել է. «Հեղինակության խնդիր Հայաստանը չունի: Հայաստանն ունի գործընկերներ, որոնց հետ աշխատում է, գտնում է ձևաչափեր, լուծումներ՝ ելնելով իրավիճակից: Վստահության խնդրի վերաբերյալ խոսելիս ասեմ՝ Հայաստանն իրականացնում է իր քաղաքականությունը՝ ելնելով իր շահերից, անվտանգության, տնտեսական ու համագործակցում է իր բոլոր գործընկերների հետ: Մեր գործընկերները Եվրամիությունն է, Եվրամիության անդամ երկրներն են, Ռուսաստանն է և այլն»:


Հարցին, թե չե՞ք կարծում, որ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությամբ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում 180 աստիճանով շրջադարձ կատարվեց, ինչից տուժեց Հայաստանի միջազգային վստահությունը, փոխնախարարը պատասխանեց. «Մենք շարունակում ենք նույն կերպ աշխատել մեր գործընկերների հետ: Մենք ունենք հարցեր, որոնց անդրադառնում ենք մեր երկխոսության միջոցով, նույն Եվրամիության գործընկերների հետ էլ: Կան հարցեր, որոնք քննարկման միջոցով մենք կգտնենք մեր լուծումները: Սա շարունակական աշխատանք է, որը վստահ եմ բերելու է դրական եզրահանգման, որովհետև մենք գործընկերներ ենք»:


Մաքսային միությանը վերաբերող հարցերին եվրոպական հարցերով զբաղվող փոխնախարարը չպատասխանեց՝ նշելով, թե ինքը ոլորտի պատասխանատուն չէ. «Ինձ ճի՛շտ հասկացեք: Ես պատասխանատու եմ մեկ բնագավառի համար»: