Բեռլին ուղևորությունը կարող է զրկել Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի ապաստանից
Մոսկվայում տեղի է ունեցել գերմանական կանաչների կուսակցության ներկայացուցիչ Հանս-Քրիստիան Շտրյոբելեի և ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հանդիպումը, գրում է Russia Today-ը:
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցը պատմել է քաղաքական գործչին, որ պատրաստ է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից եվրոպացի քաղաքացիներին գաղտնալսելու մասին վկայություններ տալ Գերմանիայում: Սակայն Գերմանիան պետք է Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրի, եթե ոչ՝ նրան կարող են ձերբակալել և հանձնել ԱՄՆ-ին:
«Նա հասկացնել է տվել, որ շատ բան գիտի: Եվ մինչդեռ Ազգային անվտանգության գործակալությունը խոչընդոտում է նրա բացահայտումներին, Սնոուդենը պատրաստ է մեկնել Գերմանիա, սակայն նրա այցի պայմանները դեռ պետք է հստակեցվեն»,- պատմել է Հանս - Քրիստիան Շտրյոբելեն:
Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան նշել է, որ Ռուսաստանից դուրս գալու դեպքում ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը կկորցնի ապաստանի իր իրավունքը:
Որպեսզի Սնոուդենը կարողանա վկայություններ տալ Գերմանիայում, այդ երկիրը պետք է ապահովի նրա անվտանգությունը, ինչպես Ռուսաստանը: Բացի այդ, Գերմանիան պետք է մերժի նրան հանձնելու պահանջները:










