Չինաստանում պետական պաշտոնյաներին արգելել են Նոր Տարվա կապակցությամբ նվերներ գնել
Չինական պետական պաշտոնյաներին արգելել են պետական միջոցները ծախսել լուսնային օրացույցով գալիք Նոր Տարվա (Չունցզե) կապակցությամբ նվերներ գնելու վրա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը, որն այս տեղեկություններն ստացել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովից:
Մասնավորապես՝ պետական մարմինների և ձեռնարկությունների աշխատակիցներին արգելվել է «գնել, տպել և փոստով ամանորյա բացիկներ և օրացույցներ ուղարկել»: Բոլոր գերատեսչությունները պետք է խստացնեն վերահսկողությունը բյուջետային միջոցների նկատմամբ:
Նման միջոցառումներ ձեռնարկվել են կաշառակերության և գումարների վատնման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, որը ներդրվել է 2012 թվականի դեկտեմբերին:
Անցյալ տարվա «Չունցզեի» ժամանակ, որը տեղի է ունեցել 2013թ. փետրվարի 10-ին, պաշտոնյաները ստիպված են եղել զանգվածաբար հրաժարվել ծրագրված բանկետներից և զվարճալի միջոցառումներից:










