ԵՄ-ն այսօր նշում է 20-ամյակը
Եվրոպական միությունն այսօր նշում է իր հիմնադրման 20-րդ տարեդարձը. 1993թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ է մտել Մաաստրիխտի պայմանագիրը, որը ստորագրվել էր 1992-ի փետրվարի 7-ին։
Ինչպես նշում է Euromag-ը, 2 տասնամյակի ընթացքում միությունը զգալի ընդլայնել է իր սահմաններն ու կտրուկ ավելացրել տնտեսական հզորությունը։ Բացի տնտեսական սահմանների բացումից, հանվել են վիզային ու արժութային սահմանափակումները, ստեղծվել է միասնական արժույթ՝ եվրոն։
Սակայն բազմաթիվ եվրոպացի ղեկավարների ու փորձագետների կարծիքով՝ միասնական Եվրոպայի ճանապարհին հանդիպած գլխավոր խոչընդոտը ֆինանսական ճգնաժամն է, որը սկսվել է 5 տարի առաջ։ Ասել, որ ճգնաժամը հաղթահարված է, սխալ կլինի, բայց հանուն արդարության պետք է նշել, որ Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան ու Իտալիան փրկվել են ԵՄ-ի համատեղ ջանքերի շնորհիվ ու այժմ դանդաղորեն դուրս են գալիս ռեցեսիայից, գրում է աղբյուրը։
Այսօր ԵՄ-ի կազմում կա 28 երկիր. դաշինքին վերջինը միացել է Խորվաթիան։ Ներկայում ԵՄ-ն քննարկում է իր կազմում Թուրքիան, Մակեդոնիան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն ու Իսլանդիան ներառելու հարցերը։










