«Հեզբոլլահը» 15.000 զինյալ է ուղարկել Սիրիա` Քալամունի մարտին մասնակցելու համար
«Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը 15 հազար զինյալ է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսից դեպի հյուսիս ընկած ալ Քալամուն լեռնային շրջանում տեղի ունենալիք կարևոր մարտում նախագահ Բաշար ալ Ասադի զինվորներին օգնելու համար, հայտնում է Al Arabiya-ն։
«Հեզբոլլահը» նշել է, որ աջակցում է Սիրիայի իշխող ռեժիմին ապստամբների դեմ պայքարում, քանի որ ցանկանում է սուննի ընդդիմադիրներից պաշտպանել լիբանանա-սիրիական սահմանին բնակվող լիբանանցիներին, ինչպես նաև սիրիացի շիաներին։
Եթե ալ Քալամունի մարտը տեղի ունենա ու ավարտվի կառավարական զորքերի հաղթանակով, ապա դա կամրապնդի Ասադի դիրքերը նոյեմբերին կայանալիք «Ժնև - 2» համաժողովում։ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված համաժողովի նախաձեռնողները՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ըստ Al Arabiya-ի, փորձում են կանխել ալ Քալամունի մարտը։
Նախկինում թե՛ սուննիները, թե՛ շիաներն աջակցել են «Հեզբոլլահին», երբ վերջինս պայքարում էր Իսրայելի դեմ, սակայն սուննիները երես թեքեցին շարժումից, երբ այն սկսեց օգնել Ասադի ռեժիմին։










