Ամերիկյան հատուկ ծառայությունները շատ հեռուն են գնացել. ԱՄՆ պետքարտուղար

09:40 • 01.11.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ստիպված է եղել խոստովանել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսական գործունեություն իրականացնելիս «շատ հեռուն են գնացել» ու գործել օրենքի սահմաններից դուրս, գրում է Взгляд-ը։

 

«Ես, ինչպես և նախագահ Բարաք Օբաման, ընդունում եմ, որ ամերիկյան հատուկ ծառայությունները շատ հեռուն են գնացել, սակայն վստահեցնում եմ, որ նրանց գործողությունների հետևանքով անմեղ մարդիկ չեն տուժել։ Այսուհետ մենք կհետևենք, որպեսզի այս միջադեպն ապագայում չկրկնվի», - ասել է Քերին Open Government Partnership համաժողովի շրջանակներում։

 

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամերիկյան հետախուզական գործողությունների ծավալներն ուռճացված են։ Նրա խոսքով՝ 70 մլն մարդու գաղտնալսելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

 

Ավելի վաղ նախագահ Օբաման հայտարարել է, որ տեղեկացված չի եղել հետախուզական գործունեության մասին, սակայն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները հակադարձել են նրան՝ ասելով, որ «նախագահն ամեն ինչի մասին շատ լավ իմացել է»։