Մինսկում Հայաստանին չեն ծաղրել, Լուկաշենկոյի պահվածքում էլ արտառոց բան չկա. Մանվել Բադեյան
ԱԺ «Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Մինսկում հոկտեմբերի 24-ին ԱՊՀ մասնակից երկրների նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ ոչ միայն Հայաստանի նկատմամբ ծաղր չէր զգացել, այլ ընդհակառակը, կոնկրետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը դիտարկել էր որպես Հայաստանին օգնելու քայլ։
«Լուկաշենկոյի պահվածքում արտառոց բան ես չեմ տեսնում, որովհետև Լուկաշենկոն ասում է՝ մենք ուզում ենք մի երկիր, որը խնդիրներ չի առաջացնի, այդ երկիրը եթե ունի խնդիրներ Ղարաբաղի հետ, ուրեմն պետք է աջակցի, որ այդ խնդիրները լուծվի, ինչը և արվում է Բելառուսի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում»,– ասաց նա։
«Մի՛ մոռացեք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Բելառուսն էլ այնտեղ ներկայացված է։ Սա ընդամենը ցանկություն է , որ խնդիրները պետք է լուծել, եթե ուզում եք հեզասահ ընթացք ունենա Մաքսային միության մեջ»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ռուսական «ОРТ» հեռուստաընկերության ռեպորտաժին, որում լրագրողը նշում է, թե Մաքսային միությանը անդամակցելու՝ Հայաստանի ցանկությունը կարող է այդպես էլ մնալ ցանկություն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի խնդիրների պատճառով, Մանվել Բադեյանը նկատեց, որ դրան պետք չէ լուրջ վերաբերվել, ի վերջո, դա լրագրողի տեսակետն է, ով մասնակիցը չէ «բանակցությունների և խորքային գործընթացների»։
Մանվել Բադեյանը հավատացած է, որ ամեն դեպքում Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը տրամաբանության մեջ է։ «Շատ հասկանալի և տրամաբանական գործընթաց է, հնարավորությունները ինտեգրվելու այս կամ այն միջազգային կառույցի մեջ։ ԵՄ և ՄՄ-ն միջազգային կառույցներ են և, բնակաբանար, Հայաստանի համար, նախևառաջ, տնտեսական հետաքրքրություն՝ թե՛ վերջերս կայացած ՄՄ-ի ֆորմատի մեջ, և թե՛ սպասելիք Վիլնյուսի ժողովի մեջ։ Մենք փորձում ենք օգտվել երկուսի հնարավորություններից էլ՝ խորապես գիտակցելով, որ դրանք իրարամերժ չեն։ Կարելի է համագործակցել երկու կառույցների հետ էլ, ինտեգրվել երկու կառույցների հետ էլ»,- նշեց նա։
Մանվել Բադեյնաը հորդորում է գիտակցել, որ շատ ժամանակ այդ հակադրումը ֆորմալ է՝ ՄՄ-ի և ԵՄ-ի միջև։ «Որովհետև վերջին հաշվով ամեն ինչը որոշում է ազգային մշակույթը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մշակութային Եվրոպայի մաս է կազմում, սա ժամանակի խնդիր է, երբ այս երկու կառույցները վերջապես իրար մեջ կինտեգրվեն»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ են ակնկալում, նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանն ի՞նչ կստորագրի, և արդյոք ինքնանպատակ չէ գնալ Վիլնյուս, Մանվել Բադեյանը պատասխանեց՝ ասելով, որ դա ինքնանպատակ չի լինի, ձևի համար չի արվի։
«Արվում է համաժողով, որտեղ քննարկվելու ենք տարբեր տեսակի խնդիրներ։ Վիլնյուսի վեհաժողովին մասնակից են լինելու մեծաթիվ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ, Հայկական զարգացման գրասենյակն է գործն էլ կազմակերպում, դա ինչ-որ իմիջային ձևի համար խնդիր չէ, նորմալ բանակցային պրոցես է, որի վերջը, իհարկե, կերևա մի քիչ ավելի ուշ։ Հիմա կանխատեսել, թե բանակցություններում ինչը կընդունվի, ինչը չի ընդունվի, նշանակում է Սողոմոն Իմաստուն լինել»,-ասաց նա։
Հարցին, թե ՄՄ-ին անդամակցելու գործընթացը արհեստականորեն չի արագացվո՞ւմ, քանի որ նախատեսվում է դեկտեմբերին արդեն ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, պատգամավորը պատասխանեց. «Արհեսատական ոչինչ չի կարող լինել, սա լուրջ գործ է, և այնպես չէ, որ ինչ-որ մեկին պետք է ինչ-որ բան ցույց տանք»,-նշեց նա։










