Մեքսիկայի նախագահը համերկրացիներին կոչ է արել նիհարել

08:34 • 01.11.13

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է համերկրացիների գիրության դեմ պայքարի արշավ սկսելու մասին, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Ինչպես հայտարարել է Մեքսիկայի նախագահը, միլիոնավոր մեքսիկացիների կյանքը վտանգի տակ է:


«Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել ավելորդ քաշի և գիրության իսկական համաճարակի պայմաններում»,- ընդգծել է Պենյա Նյետոն և կոչ արել մեքսիկացիներին օրական առնվազն մեկ ժամ նվիրել ֆիզիկական գործողություններին, օրինակ՝ զբոսանքներին:


Գիրության դեմ պայքարի շրջանակներում Մեքսիկայի խորհրդարանը հաստատել է կալորիական սննդի և քաղցր գազային խմիչքների վրա լրացուցիչ հարկեր դնելու նախագիծը:
 

Մոտ ժամանակներում, Պենյա Նյետոյի խոսքերով, առողջապահության նախարարությունը քաղաքացիների քաշի մոնիտորինգ կսկսի:


Մեքսիկայի 10 բնակչից 7-ն ավելորդ քաշ ունի կամ տառապում է գիրությունից: Մեքսիկայում նորմայից բարձր քաշով մարդկանց թիվը գերազանցել է ԱՄՆ-ի ցուցանիշները: