«Տուլիկներ» բոլորին. Նուբարաշեն ՔԿՀ-ում որդուն այցելած մայրը պնդում է՝ տղան անմեղ է (տեսանյութ)
Կալանավորը մեղավոր է, թե անմեղ, քիչ նշանակություն ունի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց ամեն օր առավոտյան ժամերին ուտելիքներով լի ծանրոցներ մի տեղից մյուսը տեղափոխող կալանավորների հարազատների շրջանակներում: ՔԿՀ-ի դիմաց այսօր «տուլիկով» (հանձնուք) տղային այցելության գնացած տիկնոջ հանդիպեցինք, ով շարունակ մի բան էր պնդում՝ տղան որևէ հանցանք չի գործել և անարդարացի պահվում է կալանավայրում:
Տիկինը, ով ներկայացավ՝ Սաթիկ Ասատրյան, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն մեկ ու կես տարի է, ինչ իր տղան դատական քաշքշուկների մեջ է մի բանի համար, որ չի արել:
«Անարդարացի են իմ տղային պահում, տարի ու կես դատավարություն են անում, մարդասպաններին ազատում են, անմեղներին՝ դատապարտում: Ասում են՝ իմ տղան գողություն է արել, իբր պահակը խանութում է եղել, և տղաս մեկ ուրիշի հետ 5 րոպեի ընթացքում 2500 դոլար արժողությամբ խմիչքներ են երկրորդ հարկից իջեցրել առաջին հարկ: Ո՞նց ա դա հնարավոր»,-ասաց նա:
Ինքն անձամբ տղային ամիսը մեկ անգամ է այցելության գնում, հնարավորությունները սուղ են: Իսկ կալանավայրի պայմանների, ուտելիքի մասին էլ պատկերացում ունի այնքանով, ինչքանով իրեն են պատմում և ինչքանով ինքն է «տուլիկներ» տանում տղային: «Պայմանների մասին բոլորն էլ պատմում են, որ վատ է, ուտելիք էլ տալիս են, բայց իրենց ուզածները չեն լինում: Դե քաղցրավենիք, խմորեղեն բան, տարբեր բաներ եմ բերում, ինչի կարիքը որ լինում ա»,-ասաց Սաթիկ Ասատրյանը:
Նա շտապեց նաև նշել, որ իր բողոքները լսող չկա և առանձնապես հույս էլ չունի, որ իր որևէ բողոքին կարձագանքեն. «Ասում են՝ ինչո՞ւ չեք բողոքում, ո՞ւմ բողոքեմ, ո՞վ ա լսում, եթե իմանամ՝ լսող կլինի, կբողոքեմ»:










