Բողոքի ակցիա «Նուբարաշենի» դիմաց՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի (տեսանյութ)

13:17 • 01.11.13

Ի պաշտպանություն խարդախության մեղադրանքով, իսկ հետագայում՝ խուլիգանության փորձի մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի,  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջև մի խումբ նախկին ազատամարտիկներ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել իրենց մարտական ընկերոջը: 


Ազատամարտիկները, ովքեր «Նուբարաշենի» ՔԿՀ-ի մոտ էին եկել իրենց ընկերոջն ազատ արձակելու պահանջով համապատասխան ցուցապաստառներով, ելույթ էին ունենում բարձրախոսով: ՔԿՀ-ից որևէ մեկն այդպես էլ չարձագանքեց և դուրս չեկավ շենքից: 

 

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի»  նախաձեռնության խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ այստեղ են՝ ցույց տալու, որ բոլորը կանգնած են Վոլոդյայի կողքին: 


«Մենք գիտենք, որ նրա դեմ ներկայացված գործը շինծու է և շարունակելու ենք պայքարել մինչև նա հայտնվի ազատության մեջ»,-ասաց Գագիկ Սարուխանյանը: 


Նա նկատեց, որ տասը օրվա դադարը, որ տվել էին, իշխանություններն օգտագործեցին Վոլոդյա Ավետիսյանի դեմ նոր մեղադրանքն առաջադրելու համար, թե, իբր, վերջինս խուլիգանության փորձ է արել: Ելույթ ունեցողներն անդրադարձան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե Վոլոդյա Ավետիսյանի ձերբալությունը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի:


«Նա ձերբակալվել է նրա համար, որ չի համաձայնել Սեհրան Օհանյանի խնդրանքով նստացույցը դադարեցնել»:

 

Ցուցարարները վստահ են, որ արդարությունն ի վերջո վերականգնվելու է:

 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով: Հետագայում նրա նկատմամբ այլ մեղադրանք էր առաջադրվել: Իսկ մի խումբ ազատամարտիկների գնահատմամբ՝ նրա նկատմամբ հետապնդում է իրականացվում իր ծավալած պայքարի համար: