ԱՄՆ դեսպանը ՀՀ վարչապետին շնորհավորել է՝ ՀՀ–ի կողմից «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու առիթով

17:46 • 01.11.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային սահմաններն ազատականացնելու կապակցությամբ:


Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, դեսպանը նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնց համատեքստում Տիգրան Սարգսյանը և Ջոն Հեֆերնը մտքեր են փոխանակել նոր համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: