Վանը Wan դարձնելու փորձը շուրջ 12 000 տեղանուններն անվանափոխելու թուրքական քաղաքականության մասն է. թուրքագետ
Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը Wan անվանակոչելու փորձը Թուրքիայի իշխանությունների՝ պատմական իրականությունը կեղծելու հերթական քայլն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալասարանի Արևելագիտության ինստիտուտի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում անվանափոխվել են շուրջ 12 000 տեղանուններ, որոնց մեծ մասը բուն հայկական ավանումներ են եղել պատմական Հայաստանի տարածքում»:
Հիշեցնենք, որ Վանից ընտրված թուրք պատգամավոր Այսել Թուղլուքը Թուրքիայի ազգային մեծ ժողով էր ներկայացրել
օրինագիծ, որով առաջարկում է փոխել քաղաքի անվանումը՝ այն կոչելով Wan։
Ռուբեն Մելքոնյանը հավելեց, որ այս քաղաքականության իրականացումից «սպրդել էին» մի շարք տեղանուններ, այդ թվում՝ Վանը և հավելեց. «Եվ այդ փրկված մի քանի տեղանուններն էլ դարձել են թուրք ազգայնամոլական իշխանությունների կամ պատգամավորների թիրախը, որոնք փորձում են դրանք նույնպես ջնջել երկրի երեսից»:
Ըստ նրա, այս քաղաքականության հիմքում ընկած է Թուրքիայի տարածքում հայկականության ցանկացած հետքի վերացումը:
Նշված տեղանուններն ինչպես հայկական պատմական քաղաքներ են, գյուղեր, այնպես էլ լեռների, սարերի անուններ:
«Օրինակ՝ Մոկս գավառը դարձել է Բախչիսարայ, գիտեք՝ Տիգրանակերտը՝ Դիարբեքիր, Ալաշկերտը՝ Էլեշկիրտ, Մուշի Ցրոնք գյուղը դարձել է Քրքոյ, Արածանի գետը՝ Մուրադ, և այդպես շարունակ: Այնպիսի հայտնի տեղանուն, ինչպիսին Անին է, նույնպես թուրքական պաշտոնական փաստաթղթերում անվանափոխվել է՝ Ան, որը թուրքերենով նշանակում է պատմական հուշ»,-նկատեց պատմաբանը:
Նրա ամփոփմամբ՝ այս քաղաքականությունը սկսվել է իրականացվել դեռևս 1916 թվականին՝ Էնվեր Փաշայի հրամանով և շարունակվել է մինչև 50-ականները, որի հետևանքով Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր տեղանունները փոխվել են:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչո՞ւ Վանը, Մուշը, Կարսը թուրքական իշխանությունների ուշադրությունից դուրս էին մնացել, թուրքագետը նշեց, որ, ըստ ամենայնի, որովհետև այս անվանումների հետևում չեն տեսել զուտ հայկական իմաստ ու նշանակություն:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում թուրքագետ Վահրամ Տեր- Մաթևոսյանը հայտնել էր, որ եթե պատմական Վան քաղաքի անունը, առաջարկվում է դարձնել Ուան, անգլերենով՝ w-ով, ապա Թուրքիան, փաստորեն, թույլ է տալիս, որ Թուրքիայի հանրային վայրերում և գրավոր լեզվում արգելված երեք տառերից W-ն օգտագործվի:
Նա հիշեցրել էր, որ կան երեք տառեր՝ Q, W, X, որոնք կան քրդական այբուբենում, չկան` թուրքականում, և հիմա այդ W-ով, անում են այն, ինչի մասին տևական ժամանակ է՝ Հայաստանում թուրքագետները խոսում են, որ անիմաստ է այն խանդավառությունը, որ հայկական տեղանունները կվերականգնվեն:










