Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուելսի ինքնավար իրավունքների ընդլայնման մասին

17:30 • 01.11.13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր հանդես է եկել Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Ուելսի ինքնավար իրավունքների ընդլայնման նախաձեռնությամբ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Դրանք առաջին հերթին վերաբերում են հարկային ոլորտին: Այդպիսով՝ վարչապետն արձագանքել է Սիլկի հանձնաժողովի հատուկ զեկույցին, որը հետազոտություն էր անցկացրել մեկ ընդհանուր պետության կազմում Ուելսի գտնվելու պայմանների վերաբերյալ և առաջարկել էր ինքնակառավարման ուժեղացմանն ուղղված մի քանի միջոցներ:

 

«Ուելսի կառավարությունը հարկերի վերահսկողության հնարավորություն կստանա, սակայն դրա համար Ուելսում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»,- ընդգծել է Քեմերոնը:

 

Վերջին ամիսներին նա ուժեղ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ Սիլկի հանձնաժողովի զեկույցը կառավարությանը ներկայացվել է դեռ 2012 թվականի նոյեմբերին, սակայն վարչապետը դրա իրականացման համար ոչինչ չի ձեռնարկել:

«Ուելսի ժողովրդի և նրա կառավարության իրավունքները կընդլայնվեն: Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ Ուելս ուժեղ Մեծ Բրիտանիայի կազմում»,- այսօր ասել է Քեմերոնը: