Ամերիկացի գործարարը 25 մլն դոլար է պահանջում Բին Լադենին բռնելու համար

09:50 • 02.11.13

Ամերիկյան Միչիգան նահանգից մի գործարար հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին է փոխանցել Ուսամա բին Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկություններ՝ ահաբեկչի ոչնչացումից մի քանի տարի առաջ, և պահանջում է 25 մլն դոլար պարգևավճար։
 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ Associated Press գործակալությանը հղումով, այդ մասին նամակով հայտնել է գործարարի փաստաբանը։

 

Loevy & Loevy իրավաբանական ընկերության կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին հասցեագրված նամակում նշվում է, թե Թոմ Լին վկայություն է ստացել այն մասին, որ ահաբեկիչը թաքնվում է Աբոտաբադ քաղաքում՝ պակիստանյան հետախուզության աշխատակիցներից մեկի տանը։


Դրանից հետո, դեռևս 2003թ.-ին գործարարն ԱՄՆ իշխանություններին է ներկայացրել «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավարի կոորդինատները։


25 մլն դոլար պարգևավճարը սահմանված էր եղել ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։

 

«Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենը, ում Վաշինգտոնը համարում է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատասխանատուն, 2011թ.-ի մայիսի 2-ին սպանվել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից՝ Պակիստանի Աբոտաբադի մոտակայքում գտնվող տանը։

 

Մայիսի վերջին իշխանությունները հայտարարել էին, որ պարգևավճարը ոչ մեկին չի տրամադրվի, քանի որ նրա ոչնչացման գործողությունը նախապատրաստվել է բացառապես ռադիոէլեկտրոնային հետախուզության տվյալների հիման վրա։