Աշակերտի ծնողը դպրոցի տնօրենին մեղադրում է ապօրինի դրամահավաքության համար. Տնօրենը հերքում է
Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, ով խնդրել է հույժ գաղտնի պահել իր ինքնությունը, դպրոցի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանին մեղադրում է դրամահավաքության համար:
«Ամեն ամիս ֆոնդերի գումարներ է հավաքում՝ ամեն աշակերտի համար 2000-ական դրամ, ուսուցիչներին պարտադրում է, որ ամեն տոնի առթիվ իրեն նվեր մատուցեն գումարի տեսքով, ուսուցիչներն էլ այդ օրերին ծրարներով կանգնած՝ հերթով մատուցում են նվերը»-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ իր երկու երեխաների համար արդեն 16 000 դրամ է վճարել, քանի որ տնօրենը պահանջել էր սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամսվա ֆոնդի գումարները միանգամից տալ:
Ծնողի փոխանցմամբ, եթե երեխաները ցանկանում են դասղեկներին նվերներ գնել, վերջիններս ասում են, որ իրենց նվեր պետք չէ, փոխարենը թող տնօրենի գումարը հավաքեն, տան:
«Նույնիսկ եթե փողերը պակաս են լինում, դասղեկներն իրենց գրպանից են դնում ու տալիս տնօրենին: Իսկ եթե որևէ մեկը հրաժարվում է վճարել ֆոնդերի գումարը, տնօրենը պահանջում է սոցիալապես անապահովության թուղթ ներկայացնել: Ես ինչի՞ պիտի դպրոց նման թուղթ ներկայացնեմ»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ անգամ դեպք է եղել, երբ մի անգամ բողոքել են տնօրենի դեմ, վերջինս հավաքել է դասղեկներին և հորդորել, թե «գործ տվողներից փող մի ուզեք»: Ինչպես նաև դպրոցում փորձ է արվել սիրիահայերից գումարներ վերցնել:
Նշված մեղադրանքների շուրջ Tert.am-ը զրուցեց նաև տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի հետ, ով համաձայնեց պատասխանել հարցերին միայն առերես:
«Շատ լուրջ հարց եք քննարկում, որպեսզի ես պատասխանեմ, պետք է Ձեզ տեսնեմ, համեցե՛ք դպրոց, կզրուցենք»,-ասաց նա և մեր համաձայնությունից հետո ավելացրեց. «Ճիշտն ասաց՝ շատ զբաղված ենք առաջիկա շաբաթվա ընթացքում, այսօր չեմ կարող, վաղը, մյուս օրը աշխատանքային օրեր չեն, երկուշաբթի օրվանից երեկոյան ժամերի համեցե՛ք»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, հնչած մեղադրանքների մասին ի՞նչ կարծիք ունի տնօրենը, հերքեց. «Երբեք մեր դպրոցում որևէ մեկը ստիպողական որևէ բան չի արել և չի էլ անելու, եթե ինչ-որ ծնողներ կան, որոնք դժգոհ են, դժգոհ են միայն այն պատճառով, որ ինձ հետ չի քննարկվել հարցը, դպրոցում չի քննարկվել, ես այդ մասին տեղյակ չեմ: Եթե դժգոհ ծնող կա, դա միայն այն պատճառով է, որ ինձ հետ իր դժգոհությունը չի քննարկել: Իսկ եթե ինչ-որ մեկը ստիպել է նրանց ինչ-որ բան անել, և եթե դա մանկավարժ է, ոչ թե ծնողներն են իրենք որոշել ինչ-որ բան անել, ցանկացած դեպքում եթե մեկը նրան ստիպել է ինչ-որ բան անել, խնդրում եմ թող մոտենա ինձ, ես շատ խիստ կպատժեմ այն մարդուն, որը ստիպել է ծնողին, որը չի ուզում ինչ-որ բան անել, գումար վճարել»:
Դպրոցներում դրամահավաքի մասին զրուցեցինք նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, ով միանշանակ վկայեց, որ այսօր որևէ դպրոցում պարտադիր գումար հավաքելու երևույթ չի կարող լինել:
«Չի կարող լինել նման բան, չպետք է լինի, եթե կա, ուրեմն տեսչությունը պետք է գնա տեսնի, բայց պարտադիր ամեն ամիս 2000 դրամ հավաքել երբեք չի եղել և չի կարող լինել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է թիվ 29 դպրոցին, Նարինե Հովհաննիսյանն ավելացրեց, որ մինչ վերջին երկու շաբաթը այդ դպրոցի մասին որևէ բողոք չեն ստացել. «Եթե նման բաների վերաբերյալ փաստեր կան, տեսչությունը գնում է հետքերով, այսօր պարտադիր դրամահավաքություն չկա, չեմ կարող ասել տվյալ դեպքում համատարա՞ծ է, թե ինչ-որ դասարանում ինչ-որ խնդրի համար է»:
Դպրոցի տնօրենի մասին զրուցեցինք նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, ով ասաց, որ տնօրենի մասին իրեն բողոքել է նաև այդ դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը, թե իրեն անօրինական կերպով աշխատանքից հեռացրել են:
«Այդ ուսուցչուհին ինձ ասաց, որ ինքը մեկ տարի է այդ դպրոցում աշխատել և այդպես էլ աշխատանքային պայմանագիր չի տեսել, որն իր հետ պետք է կնքվեր որպես աշխատողի»,-ասաց նա՝ հավելելով, որ ուսուցչուհին իրեն բանավոր է դիմել և հրաժարվել է գրավոր դիմել կամ բարձրաձայնել խնդրի մասին:










