Հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը PanARMENIAN.Net -ին հայտնել է, որ համակարգի աշխատանքի խափանման պատճառն ընկերության աշխատանքը չէ: Համակարգի աշխատանքը խափանվել է էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից:
«Խնդիրների մասին տեղեկություններ դեռևսչկան, սակայն նախարարությունը խոստացել է պարզել ստեղծված իրավիճակի պատճառներն ու տեղեկություններ ներկայացնել մեկ ժամվա ընթացքում»,-ասել է նա:
Ավելի ուշ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը տեղեկացրել է, որ հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է, այսինքն՝ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից, ինչի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:
Ավելի վաղ lurer.com-ը հայտնել էր, որ ըստ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ստացված տեղեկության մայրաքաղաքի և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում համատարած հոսանքազրկումների պատճառը գլխավոր ենթակայանի վթարն է:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում որոշ թաղամասերում այսօր համատարած հոսանքազրկումներ են:
Երևանում չէր աշխատում նաև մետրոպոլիտենը:
Նշենք, որ ո՛չ մետրոպոլիտենից, ոչ Հայաստանի բաշխիչ ցանցերից չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոսանքազրկան հետ կապված պարզաբանում է ներկայացրել, որում մասնավորապես ասվում է. «Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:
Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:
Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ»:









