ԵՄ հատուկ ծառայությունները համագործակցում են բրիտանական հետախուզության հետ էլեկտրոնային գաղտնալսման հարցում. The Guardian
Եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ ծառայությունները համագործակցում են բրիտանական էլեկտրոնային հետախուզության հետ՝ իրենց երկրների տասնյակ միլիոնավոր ինտերնետ օգտագործողներին լրտեսելու համար, տեղեկացնում է Взгляд-ը` The Guardian-ին հղումով։
Հերթական բացահայտումը հիմնված է այն փաստաթղթերի վրա, որոնք փոխանցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Գերմանական, ֆրանսիական, իսպանական և շվեդական հետախուզական ծառայությունները վերջին 5 տարիների ընթացքում բրիտանական էլեկտրոնային հետախուզության հետ համատեղ մեթոդներ են մշակել հեռախոսային և ինտերնետ վերահսկողություն իրականացնելու համար։
«Գերմանիան, Ֆրանսիան և շատ այլ երկրներ զայրույթով արձագանքեցին այն տեղեկություններին, թե ամերիկյան հետախուզությունը լրտեսել է իրենց քաղաքացիներին, այդ թվում՝ գաղտնալսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին»,-գրում է Guardian-ը։
Միակ երկիրը, որի հետ բրիտանացիները չեն կարողացել լիարժեք համագործակցել, Իտալիան է։ Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ Իտալիայում լրտեսության հարցերը կարգավորվում են խիստ օրենսդրությամբ։










