Վրացական լրատվամիջոցները հայտնել են Իվանիշվիլիի ենթադրյալ փոխարինողի անունը

14:19 • 02.11.13

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամները հրաժարվել են նշել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հավանական փոխարինողի անունը, սակայն տեղի լրատվամիջոցներն ու տեղեկատվական աղբյուրները նշում են, որ Վրաստանի հաջորդ վարչապետը ներքին գործերի գործող նախարար Իրակլի Գարիբաշվիլին է լինելու։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհուրդը միաձայն աջակցություն է հայտնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջարկած թեկնածությանը։

 

Խորհրդարանի պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին և քաղխորհրդի այլ անդամներ նշել են, որ վարչապետի թեկնածուն գործող կառավարության անդամ է, սակայն հրաժարվել են նշել անունը՝ ասելով, որ դա տեղի կունենա այսօր՝ օրվա երկրորդ կեսին, երբ Իվանիշվիլին հանդիպի խորհրդարանական մեծամասնության հետ։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ պաշտոնը կլքի նոյեմբերի 24-ին։