Մոսկվան աջակցում է Տոկիոյի՝ «Ժնև-2»-ին մասնակցելու գաղափարին
Ռուսաստանն աջակցում է Ճապոնիայի՝ Սիրիայի հարցով կայանալիք «Ժնև-2» համաժողովին մասնակցությանը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան։
«Ես կցանկանայի նաև երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ ռուսական կողմն աջակցում է «Ժնև-2»-ին մասնակցելու Ճապոնիայի գաղափարին»,-ասել է նա ՌԴ-ի և Ճապոնիայի միջև «2+2» ձևաչափով կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ փորձեր են արվում «Ժնև-2»-ը տապալելու կամ փակուղի մտցնելու համար։
«Այժմ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնության շուրջ շատ խաղեր են տեղի ունենում, փորձեր, որ եթե այդ նախաձեռնությունն առհասարակ չտապալվի, ապա գոնե փակուղի մտնի»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, թե ՄԱԿ-ն արդեն պատրաստում է «Ժնև-2»-ի հրավերի տեքստը։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին ասել էր, որ Սիրիայի հարցով համաժողովը կկայանա նոյեմբերի 23-ին, սակայն այդ ամսաթիվը դեռևս չի հաստատվել։










