ԱՄՆ-ն Սնոուդենին մեղադրել է Մոսկվայից հակաամերիկյան գործունեություն իրականացնելու համար

12:48 • 02.11.13

ԱՄՆ-ում վստահ են, որ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին նոր հրապարակված տեղեկությունները չեն տարածվել առանց Ռուսաստանում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենի համաձայնության, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Մոսկվան իր հերթին պնդում է, որ տեղեկությունները տարածվում են ոչ Ռուսաստանից, ինչը նշանակում է, որ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը չի խախտել Վաշինգտոնին վնաս չհասցնելու մասին համաձայնությունը։

 

Վաշինգտոնում չեն հավատում, որ արևմտյան լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնալսումների վերաբերյալ Սնոուդենի արխիվից շարունակում են գաղտնի տեղեկություններ հրապարակել, նրա հետ չեն համաձայնեցնում փաստաթղթերի հրապարակման ժամանակացույցը։

 

ԱՄՆ իշխանությունները բացասաբար են արձագանքել Էդվարդ Սնոուդենի պատրաստակամությանը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ Գերմանիայի իրավապահների հետ համագործակցության մասին։

 

«Պարոն Սնոուդենի գործողություններն ակնհայտորեն վնաս են հասցնում ԱՄՆ-ի ազգային շահերին»,-հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան մի ներկայացուցիչ։

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ գերմանական լրատվամիջոցներում հրապարակված այդ նյութերը չեն տարածվել Ռուսաստանից։

 

«ՌԴ նախագահի պայմանը խախտել և ԱՄՆ-ին վնաս հասցնել նրան ոչ ոք չի թույլատրել։ Սակայն նա գտնվում է ՌԴ տարածքում և ժամանակավոր ապաստան է ստացել, կարող է հանդիպել ում հետ ցանկանա, և մենք չենք կարող դա արգելել»,-ասել է Պեսկովը։


Ինքը՝ Սնոուդենը, նախկինում բազմիցս ասել է, որ դեռևս Հոնկոնգում գտնվելու ընթացքում արևմտյան լրագրողներին է փոխանցել իր ողջ արխիվը և այլևս չի վերահսկում այն։