Ծեծկռտուքից հետո հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը վերադարձել են. ՊՆ մամուլի խոսնակ
Երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքը վերադարձել են. այդ մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինս նշեց, որ զինծառայողների վերադրձման գործընթացում աջակցել են նրանց ծնողները։ «Մնացել է մեկ հոգի, բոլորը վերադարձել են, իրավիճակը վերահսկվում է, երեկվանից էլ աշխատում են մասնագետները՝ չորրորդ զինծառայողին հետ վերադարձնելու ուղղությամբ»,-նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե վիճաբանության պատճառը նախաքննությունը կպարզի։ «Կատարվում է նախաքննություն։ Մեծ հաշվով դեպքն իր որակավորմամբ՝ ընդամենը սովորական կարգազանցություն է ծառայողների միջև եղած, նախաքննությունը կպարզի»,-նշեց նա։
Հարցին, թե վերադարձից հետո ինչ տույժ է սպասվում կարգազանց զինվորականներին, ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Նրանք նախ հիվանդներ են և բուժումից հետո միայն տույժի մասին կխոսենք»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ՝ վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի, որից հետո ևս երկու զինծառայող դիմել են փախուստի:









